Ամփոփվեց «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2015»-ը. ՀՊՏՀ-ն ստացավ մասնակցության վկայական

Դիտումների քանակ՝ 782

«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր ամփոփվեց եռօրյա  «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2015» 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ժամը 16.00-ին ցուցահանդեսի մասնակիցներին հանդիսավոր կերպով հանձնվեցին վկայականները:

Այս ցուցահանդեսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ինչպես նաև բուհի տաղավարին կից ներկայացված Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոցը ունեցան բազմաթիվ այցելուներ, ովքեր հետաքրքրված էին մեր կողմից առաջարկվող կրթական ծրագրերով, բուհի գիտական, հետազոտական կյանքով: Ապրիլի 21-ին, 22-ին և 23-ին, թե դիմորդների, թե  ծնողների կողմից մենք բազմիցս հաճելի խոսքեր լսեցինք ՀՊՏՀ-ի մասին. շատերը նշեցին, որ մեր բուհը Հայաստանում ամենաորակյալ տնտեսագիտական կրթօջախն է: Մեր տաղավարի բազմաթիվ այցելուներ, դիմորդներ բուհի աշխատակիցների կողմից  ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:Այցելուներին բաժանվեցին ՀՊՏՀ պաշտոնական ամսագրի, գիտական հանդեսի, «Ամբերդ» մատենաշարի, տեղեկատվական գրքույկների օրինակներ: Մեր տաղավար այցելում էին թե ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր  հետաքրքրված էին մեր բուհի գիտական կյանքով, թե դիմորդներ և ծնողներ, ովքեր հետաքրքրված էին բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերով և  բազմաթիվ այցելուներ, որոնց ուշադրությունը գրավում էր ՀՊՏՀ պաշտոնական «Տնտեսագետ» ամսագիրը:

Հիշեցնենք`   ցուցահանդեսը կազմակերպվել էր  «Լոգոս էքսպո» կենտրոնի նախաձեռնությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին