100 տարի անց

Դիտումների քանակ՝ 1134

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը 20-րդ դարում ապրած ազգային մեծ ողբերգության հիշատակի շուրջ է համախմբել ամբողջ հայ ժողովրդին՝ սգալու ու ոգեկոչելու անմեղ զոհերի հիշատակը, միասնանալու ու բռունցքվելու ու համայն աշխարհին ապացուցելու հայ տեսակի անկոտրում ու անպարտելի լինելը, ահազանգելու ու սեփական ձայնը բարձրացնելու այսօր էլ աշխարհում ազգային ու կրոնական հողի վրա գործադրվող բռնության ու մարդասպանության դեմ:

«Հիշում եմ և պահանջում» կարգախոսն ուղղված է յուրաքանչյուրիս. մենք հիշում ենք մեր անցյալը, մենք գիտենք մեր պատմությունը, մենք ճանաչում ենք ինքներս մեզ: Պահանջում ենք, այսինքն՝ հայտարարում ենք, որ վճռական ենք պայքարելու մեր իրավունքների ու արդարության վերականգնման համար, թույլ չտալու Թուրքիային աղավաղել պատմական իրողությունը ու պահանջելու պատասխանատվություն ստանձնել:

«Տնտեսագետը» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդարձակ անդրադարձ էր կատարել նախորդ՝ հունվար-փետրվարյան համարում, մարտ-ապրիլյան թողարկումը կրկին հարուստ է այս թեմային վերաբերող հոդվածներով, որոնք մեր համալսարանի գիտնական-մանկավարժների հեղինակային վերլուծություններն են, վերհուշի պատմությունները, մեր ուսանողների կազմակերպած ցերեկույթները:

Պատմագիտության, տնտեսական պատմության, գրականության ու կերպարվեստի դիտակետից մեր պատմության այդ շրջանին անդրադառնալով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը միանում է հիշելու ու պահանջելու կարգախոսին՝ միավորելով իր ձայնը հանուն արդարության, հանուն մարդասիրության, հանուն խաղաղության պայքարին:
Այսօր, 100 տարի անց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին հիշատակի ու խոնարհման երթ է, համայն մարդկության իդեալների, բարի կամքի ու համախմբման ուխտագնացություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ