Համալսարանում բացվեց նոր լսարան. այն կրում է Զորավար Անդրանիկի անունը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետում այսօր բացվեց նոր լսարան, որը կրում է Անդրանիկ Օզանյանի անունը: Հիմնանորոգված, գույքով և նորագույն տեխնիկայով հագեցած լսարանի բացմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ և ուսանողներ:
Ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միքայելյանի տեղեկացմամբ, լսարանը վերանորոգվել ու կահավորվել է անհատների նյութական աջակցության շնորհիվ: Նրա խոսքով, լսարանը որոշվել է Անդրանիկ Օզանյանի անունով անվանակոչել՝ այն համոզմունքով, որ Զորավար Անդրանիկը ազգային հավաքական կերպար է:
Շնորհավորելով համալսարանում ևս մեկ կահավորված լսարան ունենալու կապակցությամբ՝ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ նորաբաց լսարանը Անդրանիկ Օզանյանի անունով կոչելը խորհուրդ ունի՝ այն առիթ է ուսանողներին ավելի շատ տեղեկացնելու Անդրանիկ Օզանյանի կյանքի ու գործունեության մասին: Համալսարանի ղեկավարի խոսքով՝ Տնտեսագիտական համալսարանում շարունակվում են արդիականացման, միջավայրի բարեկարգմանն ուղղված աշխատանքները: «Այս աշխատանքները պետք է շարունակական լինեն, քանի որ բարեկարգ միջավայրը մեծ ազդեցություն ունի ուսումնառության գործընթացի վրա այնպես, ինչպես լավ գրադարանը, տեխնիկական հագեցվածությունը»,- նշեց Կորյուն Աթոյանը՝ շնորհակալություն հայտնելով լսարանի նորոգմանն աջակցություն ցուցաբերած անհատներին:
Այնուհետև ֆինանսների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Աշոտ Սալնազարյանը հանդես եկավ Անդրանիկ Օզանյանի կյանքի և գործունեության մասին համառոտ ակնարկով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին