Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. ոգեկոչի ու հարատևման միջոցառում
Այսօր կրկին ՀՊՏՀ ուսանողներն անդրադարձան Հայոց ցեղասպանությանը, կրկին ոգեկոչեցին անմեղ նահատակների հիշատակը և ծավալուն անդրադարձ կատարեցին պատմական անցյալի ողբերգական, չսպիացող իրադարձություններին:
Ցերեկույթի կազմակերպիչներն ու մասնակիցները տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի տնտեսագիտության տեսություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներն էին՝ կուրսղեկի՝ տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Նարինե Խալաթյանի ղեկավարությամբ:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը, փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ Արամ Սարգսյանը:
Բացելով ցերեկույթը՝ Նարինե Խալաթյանը նշեց՝ իրենց նպատակն է, որպեսզի այս միջոցառմամբ յուրաքանչյուրն իր խոնարհումը բերի մեր ժողովրդի անմեղ զավակների հիշատակին և իր ձայնը բարձրացնի հանուն պատմական արդարության: Նա տեղեկացրեց, որ միջոցառմանը ներկա են ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ:
Ուսանողների հավաքագրած նյութում ցեղասպանագիտության դրույթներն էին, բանաձևերը, փաստաթղթերը, պատմական անդրադարձը դեպի Արևմտյան Հայաստանի շեն քաղաքներն ու գյուղերը, որտեղ տեղի է ունեցել զանգվածային ցեղասպանություն ու տեղահանություն՝ Զեյթուն, Խարբերդ, Սեբաստիա, Ադանա, Վան, Կարս…
Ծնունդով սեբաստիացի իր նախնիների պատմությունը ներկայացրեց Ռոզա Յաղճյանը, որի 40 հոգուց կազմված մեծ գերդաստանից փրկվել ու մայր հայրենիքում ապաստան էին գտել միայն պապիկն ու պապիկի հորեղբոր տղան ու …. վերընձյուղվել, ապրել ու շենացել:
Միջոցառման ավարտին պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը դրվատեց ուսանողներին այս կարևոր և ուսանելի նախաձեռնության համար, ապա հորդորեց 100 տարի անց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել նաև լավ սովորելով, բարեհոգությամբ ու բարեգործությամբ, տարածքային պահանջատիրությանը զուգահեռ սիրել ու պահպանել ունեցածը:
Պրոֆեսոր Արամ Սարգսյանը կոչ արեց երիտասարդներին ճանաչել ու հիշել անցյալը, սակայն որպես վրեժ՝ որդեգրել սովորելը ու հաղթանակների երկիր կառուցելը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին