Մեծարում ռեկտորատում. Վոլոդյա Գրիգորյանը 75 տարեկան է

Դիտումների քանակ՝ 1122

ՀՊՏՀ կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն օրերս տոնել է իր ծննդյան 75-ամյա տարեդարձը: ՀՊՏՀ ռեկտորատի նիստում այսօր մեծարեցին բուհի վաստակաշատ դասախոսին, գործընկերոջը, լավ մարդուն:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, աշխատակիցների և ուսանողների անունից շնորհավորեց Վոլոդյա Գրիգորյանին՝ ընդգծելով նրա երկարամյա աշխատանքն ու վաստակը համալսարանում: «Դուք մեր բուհի վաստակաշատ աշխատակիցներից եք, բազմամյա գործընկեր, սիրված, հարգված դասախոս,
գործընկերների կողմից սիրված մարդ: Առողջություն, բարօրություն, համատեղ երկար աշխատանք եմ մաղթում Ձեզ»,- հայտարարեց համալսարանի ղեկավարն ու հանձնեց շնորհավորական ուղերձ, որում մասնավորապես նշված է. «Այսօր էլ, որպես հարուստ գիտելիք ու փորձ ունեցող գիտնական, Դուք անմնացորդ կերպով Ձեր ավանդն եք ներդնում սերունդների կրթության ու դաստիարակության գործում, լսարան մտնում աշխատելու, նվիրաբերելու այն ամենը, ինչ կուտակել եք Ձեր անցած բեղմնավոր ճանապարհին: Մեծ են Ձեր ծառայությունները երիտասարդ տնտեսագետների պատրաստման գործում, որոնց կողքին եք եղել, ուղղորդել եք և՛ գիտահետազոտական ճանապարհին, և՛ մարդկային ու միջանձնային հարաբերություններում»:

Մեծարանքի և գնահատանքի խոսքեր հնչեցրին նաև ռեկտորատի մյուս անդամները: Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը հիշեցրեց, որ Վոլոդյա Գրիգորյանը 17 տարի ամբիոն է ղեկավարել: «Ընդգծված ու առանձնահատուկ անձնավորություն է, բոլորից տարբերվող»,- շեշտեց պրոռեկտորը: Կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը հիշեց իր դեկանի տեղակալ եղած տարիներին Վոլոդյա Գրիգորյանի ղեկավարած ամբիոնի հետ աշխատանքը՝ նշելով. «Իսկապես շատ կազմակերպված, հրաշալի մարդ, ում օրոք դեկանատ-ամբիոն համագործակցությունը դրված է եղել բարձր հիմքերի վրա»: Ռեկտորի խորհրդական Գրիգոր Կիրակոսյանը, ով Վոլոդյա Գրիգորյանին ճանաչում
է ուսանողական տարիներից, շեշտեց. «Հոյակապ անձնավորություն է, լավ ընկեր, լավ բարեկամ, իր վարքով օրինակելի անձնավորություն»:

Հոբելյարը շնորհակալություն հայտնեց ռեկտորատին իր նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին