Տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 1018

Համալսարանում ամփոփիչ ատեստավորման գործընթացի նախապատրաստական փուլի բոլոր աշխատանքները պատշաճ ձևով արվել են. բոլոր ֆակուլտետներն ապահովված են տեխնիկական հագեցվածությամբ համապատասխան լսարաններով, հանձնաժողովները ձևավորման փուլում են: Այսօր կայացած գիտական խորհրդի հերթական նիստում այս մասին հայտնեց համալսարանի ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը՝ ներկայացնելով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների ձևավորման մասին հաղորդումը: Պրոռեկտորի խոսքով՝ այս տարի մեր համալսարանն ավարտում են 1243 ուսանողներ, ևս 136 շրջանավարտներ կունենան համալսարանի Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերը: Հաղորդումն ընդունվեց ի գիտություն:

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը ներկայացրեց «Ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը Եղեգնաձորի մասնաճյուղում» հաղորդումը՝ ներկայացնելով 2014-2015 թթ ուստարվա գործունեության մասին հաշվետվություն: Սոս Խաչիկյանի խոսքով՝ հաշվետու ժամանակաշրջանում մասնաճյուղի ուսումնական, կազմակերպական, գիտական և վարչատնտեսական գործընթացներն իրականացվել են ՀՊՏՀ կրթական և ուսումնական ծրագրերին, սահմանված ընթացակարգերին ու կանոնակարգերին համապատասխան: Մասնաճյուղի տնօրենն անդրադարձավ մասնաճյուղի այս տարվա շրջանավարտներին, ընթացիկ տարում կատարված աշխատանքներին, ինչպես նաև հիմնախնդիրներին: Հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն, մասնաճյուղի աշխատանքները գնահատվեցին բավարար:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը զեկուցեց գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորմամբ՝ «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» շրջանակներում իրականացվող «Տնտեսական մրցակցության պաշտպանության հիմնախնդիրները պետական գնումների գործընթացում» գիտական թեմայի ամփոփիչ հաշվետվության մասին: Պրոռեկտորը նաև ներկայացրեց ՀՀ 2016թ պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու նպատակով գիտական կազմակերպության, առանձնացված գիտական կամ գիտակրթական ստորաբաժանման գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման և զարգացման ծրագրերի հայտերը, որոնք գիտխորհուրդը երաշխավորեց:

Քննարկվեցին և հաստատվեցին ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ: Գիտական խորհուրդը հրատարակության երաշխավորեց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի կողմից ներկայացված «Տարածքային տնտեսության զարգացման վրա բարձրագույն կրթության ներգործության գնահատման կողմերը» խորագրով հետազոտական աշխատանքը, լեզուների ամբիոնի վարիչ Սուսաննա Չալաբյանի «Global Marketing», ապրանքագիտության և տեխնոլոգիայի ամբիոնի դասախոս Սուսաննա Հովհաննիսյանի «Քաղաքաշինության տեխնոլոգիայի հիմունքներ» ուսումնական ձեռնարկները:

Գիտական խորհրդի որոշումներն ամբողջությամբ առաջիկայում կհրապարակվի ՀՊՏՀ պաշտոնական կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին