7 բաժանմունք՝ ՀՊՏՀ 27-րդ գիտաժողովում. զեկուցում ներկայացրեց նաև շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի ռեկտորը

Դիտումների քանակ՝ 3224

«Տնտեսության և հասարակության զարգացում. 21-րդ դարի մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով գիտաժողովի աշխատանքը շարունակվում է 7 բաժանմունքներում՝ «Ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներ» (բաժանմունքի համակարգող՝ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյան), «Բնօգտագործման տնտեսագիտություն և շրջակա միջավայր» (համակարգող՝ ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Գևորգյան),  «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» (համակարգող՝ «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյան), «Ֆինանսական ներգրավվածություն:

Բանկեր և այլ ֆինանսավարկային հաստատություններ» (համակարգող՝ «Ֆինանսական ներգրավվածություն» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.դ., դոցենտ Սերգեյ Սուքիասյան), «Մշակույթը և սոցիալական կապիտալը որպես հասարակության զարգացման գործոններ» (համակարգող՝ «Սոցիալական հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ելենա Մանուկյան), «Արտաքին տնտեսական քաղաքականություն և միջազգային ինտեգրում» (համակարգող՝ ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.դ., դոցենտ Դիանա Գալոյան) և «Տարածքային զարգացումև տարածաշրջանային տնտեսագիտություն» (համակարգող՝  ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյան):

Բաժանմունքներն աշխատանքը սկսել են երեկ՝ լիագումար նիստերի ավարտից հետո:  Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը և' երեկ, և' այսօր շրջել է բոլոր բաժանմունքներում, զեկուցումներ ունկնդրել ու զրուցել համակարգողների հետ: Աշխատանքներին հետևում և քննարկումներում դիտարկումներ էին ներկայացնում ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը:

«Արտաքին տնտեսական քաղաքականություն և միջազգային ինտեգրում» բաժանմունքում մեր այցելության պահին զեկուցում էր ներկայացնում շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի ռեկտոր Միքելե Ակերիբը՝ «Եվրոպայի ժողովրդագրական զարգացման որոշ տնտեսական հետևանքների շուրջ» թեմայով:

Ողջույնի խոսքում ռեկտորը նշեց, որ եվրոպայի ժողովրդագրական խնդիրներն իր հետաքրքրության կենտրոնում են և հիմնական հետազոտությունները դրան են վերաբերում, իսկ այսօրվա  զեկուցումն անդրադարձ էր Եվրոպայի անցյալ, ներկա ժողովրդագրական իրավիճակին, մարտահրավերներին ու ժողովրդագրական ճգնաժամի հետևանքներին:

Նշված բաժանմունքի համակարգող, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.դ., դոցենտ Դիանա Գալոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց բաժանմունքում ներկայացվող զեկուցումներում հիմնականում քննարկվում են Հայաստանի արտաքին տնտեսական կապերին առնչվող հիմնահարցեր, շատ են ԵԱՏՄ-ին, Չինաստանի տնտեսական դիվանագիտությանը վերաբերող ելույթները:

«Երեկ առանձնակի լայն քննարկման արժանացավ «Չինաստանի տնտեսական քաղաքականության ինովացիոն առաջնահերթությունները» զեկուցումը (հեղինակ՝ պրոֆեսոր, տ.գ.դ. Զոյա Թադևոսյան): Ուշագրավ ելույթները շարունակվում են նաև այսօր: Հետաքրքիր են զեկուցումներից հետո ծավալվող բանավեճերը, հարցուպատասխանը: Մեր բաժանմունքում նախատեսվում է ընդհանուր 24 զեկուցում: Իմ կարծիքով, գիտաժողովը հաջողված է թե' բովանդակային, թե' ակտիվ մասնակցության առումով: Իհարկե, արդյունքներն ավելի հանգամանալից կամփոփենք կլոր սեղանների ընթացքում»,-ասաց ամբիոնի ղեկավարը:

«Ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներ» բաժանմունքի համակարգող, «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանը մեզ հետ զրույցում ուրախություն հայտնեց այն կապակցությամբ, որ գիտաժողովին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ինչպես դասախոսները, այնպես էլ ասպիրանտները, երիտասարդ հետազոտողները:  «Ունենք 14 զեկուցում, քննարկվում են ինստիտուցիոնալ բարեփոխումները, պետական և մասնավոր հատվածի քաղաքականությունը, դրանց կառավարման մեխանիզմները, տեխնոլոգիական նորամուծություններն ու գիտելիքահենք տնտեսության հիմնախնդիրները, ինչպես նաև տրանսպորտային լոգիստիկայի ֆինանսական հատվածի ինստիտուցիոնալ նորամուծություններ և ՏՏ-ի տնտեսական ազդեցության հարցերը»,-ընդգծեց Ատոմ Մարգարյանը:

«Մշակույթը և սոցիալական կապիտալը որպես հասարակության զարգացման գործոններ» բաժանմունքի համակարգող, «Սոցիալական հոտազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ելենա Մանուկյանը ընդգծում է՝ հոդվածների թեմատիկան ընդգրկուն է՝ աշխատաշուկայի գենդերային անհավասարության և ՏՏ ոլորտի կառավարման ճգնաժամի փոխկապվածության հարցերից մինչև ԶԼՄ-ների դերի և զանգվածային գիտակցության միջև կապի բացահայտում:

«Ուշագրավ հոդվածներ են հնչել, օրինակ, «Ամբերդի» ավագ հետազոտող, փ.գ.թ., դոցենտ Սոֆյա Օհանյանի «ԶԼՄ-ները որպես զանգվածային գիտակցության մանիպուլյացիայի գործոն», ասպիրանտ Բինգյոլ Ամիրյանի «Մարդկային ռեսուրսների դերը բիզնեսի արժեքի ձևավորման վրա», քիմ. գիտ. դոցենտ Սիրանուշ Հարությունյանի

«Անձի էկոլոգիական կուլտուրան և անվտանգության խնդիրները» հոդվածները: Ուրախալի է փաստել, որ մեզ մոտ առողջ բանավիճային մթնոլորտ է, ինչը շատ կարևոր հանգամանք է գիտաժողովում»,-նշեց դոցենտը:

Գիտաժողովը շարունակվում է, վաղը կամփոփվեն զեկուցումները: Մյուս բաժանմունքների ղեկավարների հետ կզրուցենք առաջիկայում:

Ներկայացնում ենք լուսանկարներ՝ 7 բաժանմունքների երկօրյա աշխատանքներից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին