Ճանաչողական այց՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Դիտումների քանակ՝ 2915

Նոյեմբերի 23-ին ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտներ Քրիստինե Եղիազարյանի և տ.գ.թ. Լուսինե Աղաջանյանի  նախաձեռնությամբ, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի աջակցությամբ, նույն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների համար կազմակերպվել է ճանաչողական այց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Ինչպես տեղեկացնում են ամբիոնից, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության գծով պատասխանատու Արմինե Հալաջյանը ուսանողներին ներկայացրել է «Հիմնական փաստեր ՄԱԿ-ի մասին» հրատարակության նորացված հայերեն տարբերակը՝ նշելով, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի գործակալությունները, ծրագրերն ու վարչությունները աշխատում են սերտ համագործակցելով ՀՀ Կառավարության և այլ գործընկերի հետ՝ Հայաստանի սահմանած ազգային նպատակները իրացնելու համար: Մանրամասն ներկայացվել է նաև Կայուն զարգացման ծրագիրը՝ նշելով, որ այն ունի 3 հենասյուն՝ սոցիալական զարգացում,  տնտեսական աճ և  շրջակա միջավայրի պաշտպանություն:

Ուսանողները մեծ բավականություն են ստացել և խորին շնորհակալություն են հայտնել նման նախաձեռնությունների համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը արդեն մի քանի տարի է՝ արդյունավետ կերպով համագործակցում է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հետ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին