ՀՊՏՀ ուսանողները՝ միջբուհական գիտաժողովում

Դիտումների քանակ՝ 1071

Մարտի 3-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի է ունեցել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության արդի հիմնախնդիրները» խորագրով ուսանողական միջբուհական գիտաժողով՝ նվիրված Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան:  Գիտաժողովին մասնակցել է 13 բուհ, այդ թվում` մեր համալսարանը: Աշխատանքներն ընթացել են «Կառավարում և տնտեսագիտություն», «Տեխնոլոգիաներ» և «Գիտամեթոդական հիմնախնդիրներ» թեմաներով:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ Սիրանուշ Հարությունյանը ներկայացրեց իր տպավորությունն այդ գիտաժողովից, ապա մեր համալսարանի ուսանողների մասնակցությունը:

«Գիտաժողովի օրակարգը հագեցած էր, և առիթ ունեցանք բազմաթիվ հետաքրքրական զեկուցումներ լսելու: Բացմանը ներկաներին ողջունեց ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝ վստահություն հայտնելով, որ գիտաժողովն արդյունավետ ընթացք կունենա, գիտական որոշակի արդյունք կձևավորի և կքննարկի կարևոր հիմնախնդիրներ: ՃԿՊԱ ռեկտոր Համլետ Մաթևոսյանը կարևորեց նման գիտաժողովների անհրաժեշտությունը՝ արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու պատրաստվածության առումով:

Գիտաժողովին մեր համալսարանը ներկայացնում էին տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Ասատուր Ավետիսյանը՝ «ՀՀ ԱԷԿ-ի անվտանգ գործունեությունը և ազգաբնակչության պաշպանության կազմակերպումը» թեմայով զեկուցմամբ, ղեկավարն էր ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ Վեներա Ոսկանյանը և մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Ռոզա Թովմասյանը՝ «Կենսաբանական զենք (էբոլա վիրուս)» զեկուցմամբ: Երկու աշխատանքներն էլ արժանացան մասնագետների հավանությանը և հավաստեցին, որ մեր համալսարանում քաղպաշտպանության հիմնահարցերի դասավանդումը և ուսումնասիրությունը բարձր հիմքերի վրա է»,- ասաց Սիրանուշ Հարությունյանը: Նրանից նաև տեղեկացանք, որ ինքը  Ռոզա Թովմասյանի ղեկավարն է, և ուսանողուհին զեկուցումը ներկայացրել է երկու լեզվով՝ անգլերեն, ապա հայերեն, քանի որ գիտաժողովին մասնակցել են նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչներ:

ՀՊՏՀ ուսանողներն արժանացել են հավաստագրերի և պատվոգրերի:

Սիրանուշ Հարությունյանը նշեց՝ ակնհայտ դարձավ, որ իրականանալի է գիտաժողովում հնչած այն ցանկությունը, որն է՝ զարգացնել արտակարգ իրավիճակների հիմնախնդիրների կարևորության գիտակցումն ու համապատասխան մտածողությունը և այն փոխանցել երիտասարդներին, ովքեր կկարողանան մեր երկիրը դարձնել աղետակայուն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին