ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը՝ «Հայկյան» մրցանակաբաշխություն 2014-ի մրցանակակիր
Երևանի պետական կամերային թատրոնում երեկ կայացել է ամենամյա «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որին ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը չորրորդ տարին անընդմեջ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Հայկյան» մրցանակաբաշխությունում հաղթող է ճանաչվել «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում և արժանացել «Հայկյան» մրցանակի ու հավաստագրի:
ՀՊՏՀ ՈՒԽ ներկայացուցիչները՝ նախագահ Սերգեյ Խառատյանի գլխավորությամբ, այսօր հյուրընկալվեցին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի մոտ, նրան հանձնեցին իրենց մրցանակը:
«Չորրորդ տարին անընդմեջ մեր բուհը լավագույնն է ճանաչվում, և սա շատ գովելի է: Ցանկալի է, որ ձեր ձեռքբերումները ավելի շատանան: Մաղթում եմ, որ նույն ոճով շարունակեք աշխատել և միշտ հայաստանյան բուհերի շարքում ճանաչվեք լավագույն ուսանողական մարմինը»,- ուսանողներին ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ շնորհավորելով նրանց ու կարծիք հայտնելով, որ մրցանակը ձևական չէ և մեր բուհի ՈՒԽ-ն օբյեկտիվորեն արժանի էր նման մրցանակի:
Կորյուն Աթոյանն անդրադարձավ նաև համալսարանի ղեկավարություն-ՈՒԽ համագործակցությանը՝ նշելով, որ թեև այն արդյունավետ է, բայց պետք է ավելի բարձր հիմքերի վրա դրվի: «Համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը, դեկանը, ամբիոնի վարիչը չեն կարող նկատել բոլոր խնդիրները, իսկ ուսանողների հետ համագործակցությունը կօգնի ավելի մեծ ուշադրություն դարձնել առկա խնդիրներին: Ես միշտ եմ ասել, որ մեր համագործակցությունից բուհը կշահի: Մեր հաջողությունը մեր համագործակցության մեջ է, երկուսիս նպատակն էլ կրթության որակը բարձրացնելն է, ուսումնական գործընթացը կատարելագործելը: Համատեղ ուժերով պետք է բարձրացնենք մեր բուհի վարկանիշը»,- նշեց ռեկտորը՝ ուսանողներին հորդորելով ավելի ակտիվ լինել կրթական, ուսումնական և գիտական աշխատանքների ուղղությամբ:
ՈՒԽ նախագահ Սերգեյ Խառատյանը ներկայացրեց մրցանակաբաշխության մանրամասները, նշեց, որ այն պատվաբեր, միաժամանակ պարտավորեցնող է: Այնուհետև նա ռեկտորին ներկայացրեց խորհրդի աշխատանքները՝ շեշտադրելով, որ այս տարվա աշխատանքները հիմնականում լինելու են կրթական խնդիրների ուղղությամբ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին