ՀՊՏՀ գիտական խորհուրդն անցկացրեց հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 1313

Առկա ուսուցման բակալավրիատի ուսանողների ուսման առաջադիմությունը քննաշրջանից հետո կազմել է 73,0 տոկոս՝ նախորդ ուսումնական տարվա նույն ժամանակաշրջանի 73,7 տոկոսի դիմաց: Առկա ուսուցման մագիստրատուրայի ուսանողների առաջադիմությունը քննաշրջանից հետո կազմել է 82,0 տոկոս՝ նախորդ ուսումնական տարվա նույն ժամանակաշրջանի 78,1 տոկոսի դիմաց: Հեռակա մագիստրատուրայում առաջադիմությունը քննաշրջանից հետո կազմել է 63,2 տոկոս՝ նախորդ ուսումնական տարվա նույն ժամանակաշրջանի 64,7 տոկոսի դիմաց, իսկ հեռակա բակալավրիատի 1-4-րդ կուրսերում քննաշրջանից հետո առաջադիմությունը կազմել է 39,5 տոկոս: Այսօր կայացած ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում այս ցուցանիշները ներկայացրեց համալսարանի ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը՝ ներկայացնելով 2014-2015 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքները և խնդիրները, մանրամասն անդրադառնալով առկա իրավիճակին և հիմնախնդիրներին: Գիտխորհուրդն արձանագրեց, որ կիսամյակի ընթացքում ռեկտորատը, ուսումնամեթոդական, ուսումնակազմակերպական բաժինները, դեկանատները և ամբիոնները հետևողական աշխատանք են կատարել ուսումնական գործընթացի կազմակերպման կատարելագործման և քննաշրջանները կազմակերպված անցկացնելու ուղղությամբ:

Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) խորհրդի հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին ներկայացրեց ՈՒԳԸ խորհրդի նախագահ Վլադիմիր Գևորգյանը՝ նշելով, որ հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել է ՈՒԳԸ 36-րդ նստաշրջանի առաջին փուլը, որն անցկացվել է 2013թ. դեկտեմբերին և որին մասնակցել է 92 ուսանող: 2014թ. մարտին կատարվել են նստաշրջանի երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքները, զեկույցները տրվել են գրախոսման, զեկուցման ենթակա են եղել 40 աշխատանքներ, սակայն երկրորդ փուլը չի կայացել, Վլադիմիր Գևորգյանի ներկայացմամբ, կազմակերպական խնդիրների պատճառով: ՈՒԳԸ նախագահը, սակայն, հույս հայտնեց, որ այն կկայանա առաջիկայում: Համալսարանի ուսանողները մասնակցել են նաև այլ բուհերի կազմակերպած գիտաժողովների, կլոր սեղանների, բանավեճերի և մրցույթների:  Հնչեցին ՈՒԳԸ աշխատանքները բարելավվելու առաջարկներ. գիտխորհուրդը ՈՒԳԸ աշխատանքները բավարար գնահատեց:

Փակ, գաղտնի քվեարկության դրվեց ֆինանսների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մաթևոսյանին պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու համար ԲՈՀ-ին դիմելու հարցը: Քվեարկությանը մասնակցած գիտխորհրդի 51 անդամներից 51 կողմ ձայներով որոշումն ընդունվեց:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին մի շարք հարցեր: Գիտխորհուրդը հրատարակության երաշխավորեց նաև ՀՊՏՀ ռեկտոր, կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Կորյուն Աթոյանի «Բնակչության միգրացիայի կարգավորման արդի գերակայությունները Հայաստանի Հանրապետությունում» մենագրությունը:

Գիտխորհրդի որոշումներն ավելի մանրամասն և ընդարձակ առաջիկայում կհրապարակենք ՀՊՏՀ կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին