Ընդլայնվում է «Ամբերդի» համագործակցությունների շրջանակը
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր հյուրընկալվել էին գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդը և Հայաստանի նախագծի ղեկավար Լիաննա Մարուքյանը: Նպատակը կենտրոնի գործունեությանը ծանոթանալն ու համագործակցության հեռանկարները քննարկելն էր:
Հետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց «Ամբերդի» գործունեությունը, նպատակը, խնդիրները, ծանոթացրեց կենտրոնի աշխատակիցների հետ, խոսեց 2-ամյա գործունեության արդյունքների մասին: Սամվել Ավետիսյանն ընդգծեց, որ հետազոտական կենտրոնը ֆինանսավորվում է բուհի բյուջեից, ինչը հայաստանյան բուհական համակարգում առանձնահատուկ երևույթ է : Որպես կենտրոնի մեկ այլ առանձնահատկություն՝ տնօրենը շեշտեց այն, որ հետազոտություններում ներգրավվում են նաև ուսանողներ՝ մագիստրանտներ, որոնք վճարվում են հետազոտական աշխատանք կատարելու համար: Ներկայացվեցին նաև «Ամբերդի» գործընկեր նախարարությունները, հիմնադրամները և կազմակերպությունները:
Ֆլորիան Ֆեյերաբենդը, իր հերթին, ներկայացրեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը, ապա նշեց, որ հատկապես հետաքրքրված է սոցիալ-տնտեսական ուղղվածությամբ հետազոտություններով: Մասնավորապես, կարևորեց ջրի անվտանգությանն ու երիտասարդության զբաղվածության վերաբերող թեմաները:
Երկուստեք քննարկվեցին մի շարք հարցեր, ուրվագծվեցին համագործակցության հեռանկարները: Ֆլորիան Ֆեյերաբենդը շնորհակալություն հայտնեց «Ամբերդում» հյուրընկալության, հետաքրքիր ծանոթության և հանդիպում-քննարկման համար:
Կողմերը արդյունավետ համագործակցության հույս հայտնեցին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին