Հանդիպում ՀՊՏՀ-ում՝ «HEN-GEAR» ծրագրի շրջանակներում
ՀՊՏՀ միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում այսօր կայացավ հանդիպում՝ Տեմպուսի «Հայաստանում մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» («HEN-GEAR») ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր հայաստանյան պետական և ոչ պետական՝ «HEN-GEAR» ծրագրի ոչ անդամ բուհերի ներկայացուցիչներին տեղեկացնել ծրագրի մասին, որպեսզի հետագայում նրանք էլ ներգրավվեն ծրագրում:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Աննա Փախլյանը նշեց, որ հանդիպմանը հրավիրվել են հիմնականում ծրագրի ոչ գործընկեր բուհերի կարիերայի կենտրոննների աշխատակիցները և նպատակն է նրանց տեղեկացնել, նաև ներգրավել ծրագրում:
«Ծրագրի նպատակներից մեկը համահայկական տվյալների բազայի ստեղծումն է, և այսօր հայաստանյան տարբեր բուհերի ներկայացուցիչները կտեղեկանան, թե ինչպես կարող են իրենց շրջանավարտների տվյալները հասանելի դարձնել առցանց տվյալների բազայում»,-նշեց գլխավոր մասնագետը:
Ներկաներին ողջունեց Հայաստանում «Էրազմուս պլյուս» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ով նշեց, որ արդեն երկու տարի է՝ ծրագիրը գործում է, և արձանագրվել են ուշագրավ արդյունքներ: Նա ընդգծեց նաև, որ «HEN-GEAR»-ը հնարավորություն կտա բացահայտելու, թե որքանով են բուհական կրթական ծրագրերը արդյունավետ: Այնուհետև ծրագրի համակարգող, Ալմա-Լաուրեա միջբուհական կոնսորցիումի (Իտալիա) ներկայացուցիչ Լուիզա Մենգոնին մանրամասնորեն անդրադարձավ ծրագրի էությանը, նպատակներին, խնդիրներին, բացատրեց, թե պլատֆորմը ինչ է իրենից ներկայացնում: Խոսվեց հայաստանյան և արտասահմանյան գործընկեր-անդամների մասին: Լուիզա Մենգոնին նշեց, որ ծրագրի նպատակն է Հայաստանում հիմնել շրջանավարտների առաջարկն ու պահանջարկը հավասարակշռող համալիր մոդել՝ հիմնված շրջանավարտներին վերաբերող տեղեկատվական բազայի ստեղծման վրա: Մասնավորապես, հավաքագրել և վերլուծել համալսարանի ու շրջանավարտների առաջադիմությունների վերաբերյալ տվյալներ, հեշտացնել աշխատաշուկայում շրջանավարտների տեղավորումը, բարելավել բարձրագույն կրթության համակարգի ներքին և արտաքին արդյունավետությունը: Քննարկվեցին ծրագրին առնչվող մի շարք հարցեր:
Ինչպես տեղեկացրեց մեր բուհի որակի բաժնի աշխատակիցը, ծրագրի շրջանակներում ստեղծված տվյալների բազայում առկա են ՀՊՏՀ ավելի քան երկու հազար շրջանավարտների տվյալներ:
Նշենք, որ այսօր նույն ծրագրի շրջանակներում «Երևան պլազա» բիզնես կենտրոնում տեղի կունենա հանդիպում նաև գործատուների հետ, որի նպատակը գործատուներին ծրագրում գրանցվելու ընթացակարգը ներկայացնելն է:
«HEN-GEAR» ծրագիրը կամփոփվի այս տարի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին