ՀՊՏՀ մեծ դահլիճում ցուցադրվեց Անդրանիկ Օզանյանին նվիրված ֆիլմ. լրանում է մեծ զորավարի 150-ամյակը

Դիտումների քանակ՝ 1254

Փետրվարի 25-ը հայ պետական գործիչ, զորահրամանատար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է (ծնվ. է Արևմտյան Հայաստանում, Շապին Գարահիսարում). լրանում է Հայաստանի և Բուլղարիայի ազգային հերոս Զորավար Անդրանիկի 150- ամյակը:

Այս առիթով ՀՊՏՀ ուսանողական խորհրդի «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբը նախաձեռնել էր ֆիլմի ցուցադրություն: Բուհի մեծ դահլիճում այսօր ցուցադրվեց  զորավարի  կյանքի, ֆիդայական գործունեության, գաղափարախոսության, պատմության մեջ նրա տեղի ու դերի կարևորության մասին պատմող ֆիլմ: Պատմաբանները և արվեստագետները ֆիլմում արժևորում ու գնահատում են մեծ Զորավարի գործունեությունը:
«Նժդեհ» ակումբի նախագահ Զավեն Խուկեյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ընդգծեց, որ ուսանողները, երիտասարդները պետք է տեղյակ լինեն  Անդրանիկի գործունեությանը, ռազմական գործողություններում նրա որդեգրած ուղղությանը, առհասարակ, կյանքին:

«Այս ֆիլմի ցուցադրության նպատակը մեր ուսանողության շրջանում Զորավար Անդրանիկի կյանքի վերաբերյալ տեղեկությունների տարածումն է: Անդրանիկն այն եզակի հայորդիներից էր, ում շնորհիվ մենք կարողացանք պահպանել մեր ազգային ինքնությունը: Նրա անվան հետ են կապվում հայ ժողովրդի պատմության բազմաթիվ հերոսամարտեր: Անդրանիկ Օզանյանի՝ հայրենասիրության վերաբերյալ համոզմունքները  պետք է ուղենիշ լինեն մեր սերնդի համար»,-նշեց ակումբի նախագահը:

Զորավար Անդրանիկը մահացել է 1927 թվականի օգոստոսի 31-ին, ԱՄՆ-ում, սրտի կաթվածից: Սեպտեմբերին թաղվել է  Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվել է  Փարիզ և ամփոփվել  Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց՝ 2000թ., այն տեղափոխվել է  հայրենիք՝  Երևանի Եռաբլուր պանթեոն։ Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ մի շարք երկրներում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին