Մեկնարկել են 2014-2015 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի դասերը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1312

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր մեկնարկել են 2014-2015 ուսումնական տարվա  2-րդ կիսամյակի դասերը. փետրվարի 9-ից սկսվել են առկա կրթաձևերի՝ բակալավրատի և մագիստրատուրայի ուսումնական պարապմունքները:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շրջայց է կատարել ֆակուլտետներով, արձանագրել ուսանողների տրամադրությունները: Վաղ առավոտից հարազատ կրթօջախում ուսանողական եռուզեռ է, բոլորը ջերմ ժպիտներով պատմում են իրենց ձմեռային արձակուրդի, քննությունների և այլնի մասին, ողջագուրվում, ապա մեծ ոգևորությամբ շտապում լսարան՝ դասի: Ուսանողների շուրթերից մի քանի անգամ լսեցինք «Վերջապես, դասերը սկսվեցին» արտահայտությունը:

Մեզ հետ զրույցում որոշ ուսանողներ պատմեցին, որ քննությունները բավականին լավ են հանձնել, ինչը երկրորդ կիսամյակը մեծ ոգևորությամբ և հույսերով սկսելու առիթ է: Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Ազիզյանն ասաց, որ այս կիսամյակ է'լ ավելի լրջորեն է տրամադրված ուսման նկատմամբ. «Սովորաբար, ամեն կիսամյակի և ուսումնական տարվա մեկնարկի հետ ավելի է մեծանում պատասխանատվության զգացումը, ավելի մեծ ակնկալիքներ ես ունենում և ինքդ քեզ խոսք տալիս, որ նախորդի համեմատ ավելի լավ ես սովորելու: Շատ լավ եմ հանգստացել և պատրաստ եմ նոր եռանդով կիսամյակը սկսելու»:

Կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Տաթևիկ Դալլաքյանը նշեց՝ շատ ուրախ է դասերի մեկնարկի առիթով և  փորձելու է էլ ավելի լավ սովորել:

Տրամադրությունները ջերմ էին նաև լսարաններում. դասախոսները, ողջույնի խոսքից հետո, անմիջապես  անցան դասին. կիսամյակը սկսված է:

Մաղթում ենք ուսումնառության հաջող ընթացք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին