Մեկ օր զինվորի կողքին. ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալագրեր է հանձնել ՀՊՏՀ ուսանող-զինվորներին

Դիտումների քանակ՝ 1317

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, ուսանողական խորհրդի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ հունվարի 30-ին այցելել էին ՀՀ Տավուշի մարզի թիվ N զորամաս: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, առիթը Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձն էր: Ուսանողներին էին միացել նաև ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը և բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Մհեր Աղալովյանը:

ՀՊՏՀ-ականները հանդիպել են զորամասի հրամանատարությանը և զինվորներին, ծանոթացել նրանց առօրյային, ծառայության պայմաններին, նրանց հետ ճաշել ճաշարանում:

Ելույթի խոսքով հանդես է եկել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նշելով. «Հայկական բանակը մեր անկախ պետականության խորհրդանիշն է: Այն մեր երկրի ամենակայացած կառույցներից է, ինչը խոշոր ձեռքբերում է: Հայկական երկու հանրապետությունների խաղաղությունն ու անդորրը պահպանվում է ձեր՝ մեր խիզախ հայորդիների, փորձառու հրամանատարների շնորհիվ: Հայոց բանակը մեր հպարտությունն է, մեր անվտանգության երաշխավորը»: Մեր համալսարանի ռեկտորը խոսել է բուհում ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերի  մասին, անդրադարձել «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի գործունեությանը:

«Մեր բազմաթիվ ուսանողներ փառահեղ ծառայություն են իրականացնում հանրապետության տարբեր զորամասերում: Սրա վկայությունն են այն բազմաթիվ շնորհակալական նամակները, որոնք ես հաճախ ստանում եմ տարբեր զորամասերի ղեկավարներից: Դրանք մեր զինվորների բարեխիղճ ծառայության, մարդկային բարձր հատկանիշների և հայրենասիրության մասին են: Այնպես որ մենք մեր ուսանող զինվորներով հպարտանալու շատ առիթներ ենք ունենում:

Այսօր այստեղ բոլոր զինվորների կողքին իրենց մարտական ծառայությունն են իրականացնում նաև մեր բուհի ուսանողները: Նրանց, ինչպես նաև մյուս բոլոր զինվորներին ես մաղթում եմ անփորձանք ծառայություն, խաղաղ երկինք»,- ասել է ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Հայրենիքի սահմաններն անառիկ պահպանելու և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բարի անունը բարձր պահելու համար ռեկտոր Կորյուն Աթոյանը զորամասում ծառայող ՀՊՏՀ 3 ուսանող-զինվորների՝ Վազգեն Գեղամի Ղարախանյանին, Դավիթ Մարտինի Հովհաննիսյանին, Արթուր Վահեի Յաղմուրյանին շնորհակալագրեր է հանձնել:

«Մենք բազմիցս կազմակերպում ենք բազմաբնույթ այցելություն տարբեր զորամասեր, սակայն մշտապես առաջնահերթությունը տալիս ենք սահմանապահ զորամասերին, քանզի մեր պարտքն է մշտապես լինել այն տղաների կողքին, ովքեր, իրենց կյանքը վտանգի ենթարկելով, ապահովում են մեր խաղաղությունը: Եվ այսօր մենք նախ և առաջ եկել ենք այդ զինվորի ձեռքը սեղմելու և մեր շնորհակալական խոսքն ասելու»,- նշել է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը:

ՀՊՏՀ-ականները զորամասին նաև նվերներ են հանձնել՝ տեխնիկա, մարզական գույք, գրքեր, քաղցրավենիք:

Նշենք, որ նույն օրը տվյալ զորամասում հյուրընկալվել են նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Արծվիկ Մինասյանը, Կարեն Բոթոյանը:

Հ.Գ. Լուսանկարները՝ ՀՊՏՀ ՈՒԽ-ից, իսկ վերջինը՝ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին