ՀՊՏՀ ուսանողները շարունակում են բարեգործական-սոցիալական ակցիաները
2015 թվականի մեկնարկին զուգընթաց Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը վերսկսել է աշխատանքը՝ շարունակելով բարեգործական-սոցիալական ակցիաները: Մի խումբ ուսանողներ օրերս այցելել են Վանաձորի մանկատուն, իրենց ներկայությամբ գեղեցիկ ակնթարթներ պարգևել մանկատան սաներին:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը նշեց, որ ուսանողների՝ մանկատուն այցելությունը շատ կարևոր էր, քանի որ մանկատան սաները բոլորից շատ ուշադրության կարիք ունեն:
«Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը կարևորում է նմանատիպ այցելությունները: Մեր նպատակն է այնպես անել, որ մանկատան երեխան իրեն հասարակության լիարժեք անդամ զգա, լինի ուշադրության կենտրոնում, գիտակցի, որ ինքն էլ է մեր երկրի ապագան: Սա այս տարվա առաջին այցն էր մանկատուն, նմանատիպ այցերը տարվա մեջ շարունակական կլինեն»,-ասաց Սերգեյ Խառատյանը:
Ինչպես տեղեկացնում են ուսխորհրդականները՝ իրենց այցը լի է եղել բազմաթիվ անակնկալներով. ուսանողները մանկատանն են հանձնել բազմապիսի նվերներ, իսկ երեխաներին ուրախացրել են նախապես պատրաստված զվարճալի ծրագրով՝ երգով, պարով, հետաքրքիր խաղերով: Մանկատան սաներն էլ իրենց հերթին ուսանողների համար են երգել, ասմունքել ու պարել: Երեխաները շփվել են ուսանողների հետ, պատմել իրենց խնդիրների ու երազանքների մասին:
Նշենք, որ ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը հաճախ է իրականացնում այցելություններ զորամասեր, մանկատներ, ծերանոցներ: ՈւԽ նախագահը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ մանկատուն այցելությունը նմանօրինակ նախաձեռնություններից այս տարվա 2-րդն էր, առաջինն այցելություն էր հայաստանյան զորամասերից մեկը, որը գլխավորել է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին