«Տնտեսության և հասարակության զարգացում. 21-րդ դարի մարտահրավերներ և հնարավորություններ». մեկնարկեց ՀՊՏՀ 27-րդ գիտաժողովը (լուսանկարներ)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դահլիճում այսօր մեկնարկեց համալսարանի 27-րդ գիտաժողովը՝ «Տնտեսության և հասարակության զարգացում. 21-րդ դարի մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, ՀՊՏՀ ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորներ Գագիկ Վարդանյանը, Պարույր Քալանթարյանը, Միհրդատ Հարությունյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, ՀՊՏՀ դեկաններ, ամբիոնների վարիչներ, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
Գիտաժողովը ողջույնի խոսքով բացեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ շնորհակալություն հայտնելով գիտաժողովի բոլոր մասնակիցներին, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերել տնտեսության և հասարակության զարգացմանն առնչվող հրատապ հարցերի նկատմամբ: «Մեր համալսարանի տարեկան գիտաժողովները գեղեցիկ ավանդույթ են դարձել, բայց ես ուրախությամբ եմ նշում, որ դրանց կողքին այսօր առկա են մեր համալսարանի գիտական գործունեությունն արտացոլող այլ ձևաչափեր նույնպես: Համալսարանի տարեկան գիտաժողովը ես հատկապես կարևորում եմ ակնկալիքով, որ այն պետք է վեր հանի մեր հավաքական գիտական ներուժը, ցույց տա համալսարանում գիտական կյանքի որակական փոփոխությունը և դառնա հետագա գործունեության յուրօրինակ ուղենիշ:
Այս գիտաժողովի հիմքում տնտեսության և հասարակության զարգացման հարցերն են, որոնք ի ցույց են դնում մեր դարաշրջանի մարտահրավերներն ու հնարավորությունները: Իսկապես, սրանք այնքան փոխկապակցված և կարևոր հարցեր են, որոնք չպետք է անտարբեր թողնեն տնտեսագետներին, չէ՞ որ չի կարող լինել հասարակական զարգացման որևէ մակարդակ` առանց կենսունակ տնտեսության»,- իր խոսքում մասնավորապես նշեց համալսարանի ռեկտորը:
Այնուհետև, շնորհավորելով կրթության և գիտության փոխնախարարին այդ պաշտոնում առաջին անգամ մեր համալսարանում հյուրընկալվելու առթիվ, Կորյուն Աթոյանը խոսքը փոխանցեց Վահրամ Մկրտչյանին: Փոխնախարարը նշեց, որ իր համար մեծ պատիվ է հանդես գալ այս դահլիճում, որտեղ հանրապետության տնտեսագիտական միտքն է համախմբված: Վահրամ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ռեկտոր Կորյուն Աթոյանին և ՀՊՏՀ ղեկավար կազմին ոչ միայն կարճ ժամանակամիջոցում համալսարանում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու, այլև բուհը տնտեսագիտական դարբնոց դարձնելու համար, ապա ներկայացրեց բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները՝ առաջարկելով սատարել ՀՀ Կառավարության բարեփոխումները:
«Սահմանադրական իրավունքում հետպատերազմյան և արդի զարգացումները» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ ԵՊՀ դեկան, տ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Սարգսյանը՝ իր խոսքի սկզբում նշելով, որ մայր համալսարանից տնտեսագիտական մայր բուհում հյուրընկալվելը և նման պրոֆեսիոնալ միջավայրում հանդես գալը իր համար մեծ պատասխանատվություն է: Պրոֆեսորի խոսքով, սահմանադրականության խնդիրն այսօր հրամայական է, որով պայմանավորված է և՛ ժողովրդավարական, և՛ իրավական, և՛ սոցիալական և մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտների զարգացումը:
ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրեց «Կենտրոնական բանկի խնդիրը տնտեսական զարգացման համատեքստում» զեկուցումը՝ մինչ սկսելը ընդգծելով, որ իր համար և՛ պրոֆեսիոնալ, և՛ զգացմունքային առումով պատասխանատու է այսպիսի լսարանի առաջ հանդես գալը, որտեղ նաև իրեն դասավանդած գիտնականներն են: Ներսես Երիցյանը ներկայացրեց ԿԲ գործունեության երկու ուղղությունները՝ գնային և ֆինանսական կայունություն, մանրամասնեց իրենց քաղաքականությունն այս ուղղություններով:
«Գիտությունը որպես պետության ինովացիոն զարգացման հիմք» թեման ներկայացրեց գիտպետկոմի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը՝ անդրադառնալով եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրվելու նպատակներին, մեր երկրում գիտության ոլորտի կառուցվածքին, գիտական գործունեություն իրականցնող կազմակերպություններին, ֆինանսավորման աղբյուրներին:
Երկրորդ լիագումար նիստը մեկնարկեց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի «Զարգացման պետության ձևավորման հրամայականը» զեկուցմամբ, որում պրոֆեսորն անդրադարձավ զարգացման պետության սահմանումներին, գործունեությանը, դրա բնութագրիչներին, խոսեց Ադամ Սմիթի «անտեսանելի ձեռքի» Վաշինգտոնյան կոնսեսուսի մասին:
ՀՊՏՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, փ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սարգսյանը ներկայացրեց «Զարգացում, առաջադիմություն, քաղաքակրթություն: Ժամանակակից քաղաքակրթության մարտահրավերների փիլիսոփայական իմաստավորում» զեկուցումը՝ ներկայացնելով զարգացման պատմական գործընթացների բնույթի վերաբերյալ տեսակետներ, զարգացման առանձնահատկություններ, չափորոշիչներ, քաղաքակրթական ըմբռնումներ:
Բոլոր զեկուցումներն ընդունվեցին մեծ հետաքրքրությամբ, ինչին հետևեցին լսարանի հարցադրումները, քննարկումները:
Լիագումար նիստերն ավարտվեցին: Գիտաժողովի մասնակիցները մասնագիտական քննարկումներն ու շնորհանդեսները կշարունակեն բաժանմունքներում: Գիտության և ասպիրանտուրայի բաժնի տեղեկացմամբ, բաժանմունքներում կհնչի շուրջ 130 զեկուցում: Այս անգամ համալսարանի տարեկան գիտաժողովի ձևաչափը մի քիչ փոխվել է: Նախ ստեղծվել են 7 բաժանմունքներ, բացի այդ, բոլոր աշխատանքներն ամփոփվելու են կլոր սեղանների շուրջ, իսկ դրանք կտևեն մինչև դեկտեմբերի 1-ը, երբ կկայանա եզրափակիչ լիագումար նիստը:
Կգործեն հետևյալ 7 բաժանմունքները՝ «Ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներ» (բաժանմունքի համակարգող՝ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյան), «Բնօգտագործման տնտեսագիտություն և շրջակա միջավայր» (համակարգող՝ ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Գևորգյան), «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» (համակարգող՝ «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյան), «Ֆինանսական ներգրավվածություն:
Բանկեր և այլ ֆինանսավարկային հաստատություններ» (համակարգող՝ «Ֆինանսական ներգրավվածություն» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.դ., դոցենտ Սերգեյ Սուքիասյան), «Մշակույթը և սոցիալական կապիտալը որպես հասարակության զարգացման գործոններ» (համակարգող՝ «Սոցիալական հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ելենա Մանուկյան), «Արտաքին տնտեսական քաղաքականություն և միջազգային ինտեգրում» (համակարգող՝ ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.դ., դոցենտ Դիանա Գալոյան) և «Տարածքային զարգացումև տարածաշրջանային տնտեսագիտություն» (համակարգող՝ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյան):
Կազմակերպիչների խոսքով՝ գիտաժողովի հիմնական նպատակն է ապահովել տնտեսության և հասարակության զարգացման բազմաշերտ հիմնախնդիրներին նվիրված մասնագիտական բանավիճային հարթակ ակադեմիական հանրության , պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկատիրական բնագավառի մասնագետների համար: 21-րդ դարի մարտահրավերներին պատասխանելու և հնարավորություններից օգտվելու առումով հատկապես կարևորվում է սահմանադրությամբ ամրագրված՝ խորհրդարանական կառավարման համակարգին սահուն անցումը, ինչով կերաշխավորվի ՀՀ տնտեսության և հասարակության ներդաշնակ զարգացումը: Գիտաժողովի կազմակերպիչներն ակնկալում են, որ մասնակիցները կներկայացնեն տնտեսության և հասարակության զարգացման գործոնների ազդեցությանը վերաբերող ուսումնասիրություններ և վերլուծություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին