Մեր ուսանողուհին հրաձգության առաջնությունում հերթական անգամ առաջատար է

Դիտումների քանակ՝ 1163

Մեր համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի, հրաձիգ  Էլմիրա Կարապետյանը երեկ՝ հունվարի 18-ին կայացած ՀՀ գնդակային հրաձգության մեծահասակների 2015թ.  առաջնությունում զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը՝ արձանագրելով իր հերթական մարզական նվաճումը: Մարզուհին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի կողմից  արժանացել է ոսկե մեդալի, հավաստագրի և դրամական պարգևի:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Էլմիրա Կարապետյանն ասաց, որ այս օրերին  քրտնաջան աշխատում է, որպեսզի առաջիկայում մասնակցի նաև Գերմանիայում կայանալիք հրաձգության բաց առաջնությանը:

«Գերմանիայում կփորձեմ անել առավելագույնը, որպեսզի հաղթանակ արձանագրեմ և կարողանամ մասնակցել նաև Եվրոպայի առաջնությանը: Գերմանիայի (Մյունխեն) առաջնությունը կայանալու է մի քանի օրից՝ հունվարի 28-31-ը»:

Հարցին՝ կարողանո՞ւմ է արդյոք համատեղել ուսումը և օրական մի քանի ժամ տևող մարզական պարապմունքները, Էլմիրան պատասխանեց. «Այժմ քննաշրջան է, և ես փորձում եմ նաև պատշաճ ներկայանալ քննություններին, կարող եմ ասել, որ բարձր եմ ստանում»:

Հիշեցնենք, որ  մեր համալսարանի տաղանդաշատ ուսանողուհու մարզական նվաճումներին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը բազմիցս  անդրադարձել է՝ ինչպես բուհի պաշտոնական կայքում, այնպես էլ՝ «Տնտեսագետ» պաշտոնաթերթի «Մեր շնորհալիները» խորագրի ներքո: Էլմիրան  2014թ. Հայաստանի ուսանողական մարզական խաղերի շրջանակներում անցկացված հրաձգության, 2013 և 2014 թթ. գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների, 2014թ.  և 2015թ. գնդակային հրաձգության մեծահասակների, «Բազե -2014»-ի հրաձգության առաջնություններում գրավել է պատվավոր 1-ին հորիզոնականը: 2014թ. ապրիլին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից տաղանդավոր մարզուհուն շնորհվել էր սպորտի վարպետի կոչում:

Շնորհավորում ենք մեր մարզուհուն, հաղթանակ ենք մաղթում Գերմանիայում կայանալիք առաջնությունում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին