ՀՊՏՀ-ն համախմբել է «HEN-GEAR» ծրագրի շահակիցներին. հանդիպում՝ նվիրված ծրագրի արդյունքների տարածմանը և հետագա գործողությունների քննարկմանը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1150

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր առավոտյան ժամը 10.00-ին մեկնարկել է Տեմպուսի  «Հայաստանում մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» («HEN-GEAR»)  ծրագրի հերթական հանդիպումը՝ նվիրված ծրագրի  արդյունքների տարածմանը և հետագա գործողությունների քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցում են ծրագրի ինչպես հայաստանյան, այնպես էլ՝ արտասահմանյան գործընկերները: Այն  բաղկացած է երկու մասից: Առաջին մասում տեղի ունեցավ «HEN-GEAR» պլատֆորմի շնորհանդեսը, ծրագրի արտասահմանցի ներկայացուցիչն անդրադարձավ բարձրագույն կրթության ցանցի միջոցով շրջանավարտների զբաղվածության ապահովման  հնարավորություններին։

Ներկաներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ով ընդգծեց ծրագրի գերնպատակը. այն է՝ բարձրացնել կրթության որակը, ուժեղացնել ուսումնական գործընթացի և աշխատաշուկայի կապը, ուսանողների և շրջանավարտների ծառայողունակությունը: Ռեկտորի խոսքով՝ ընդհանուր առմամբ, ծրագիրը նպաստում է նոր կրթական քաղաքականության՝ ուսանողակենտրոն մոդելի իրականացմանը: «Համալսարանները վերակառուցվում են նոր մարտահրավերներին համապատասխան՝ դառնալով ազատ ու ստեղծագործ մտքի բաց հարթակներ, հասարակությանը մատուցելով կրթական, գիտական և այլ ծառայություններ»,-շեշտեց Կորյուն Աթոյանը՝ հավելելով, որ ժամանակակից աշխարհում համալսարանների առաքելությունը ոչ միայն կրթություն տրամադրելն է, այլև՝ հասարակական ակտիվ քաղաքացու, ազատ, ստեղծագործ մարդուն անհրաժեշտ գիտելիք, հմտություններ և պատասխանատվություն փոխանցելն ու զարգացնելը, և այս մարտահրավերներին է ուղղված «HEN-GEAR» ծրագիրը, որը մեր կոնսորցիումը հաջողությամբ իրականացնում է շուրջ երկու տարի: ՀՊՏՀ ռեկտորի ամբողջական ելույթին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/rektori_yeluitner/K._Atoyan_Hengear.pdf:

Ողջույնի խոսքով և իրենց աշխատանքների հակիրճ ամփոփմամբ հանդես եկան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը,  «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Հայաստանում «Էրազմուս պլյուս» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և այլք:   Այնուհետև կայացավ «HEN-GEAR» պլատֆորմի  շնորհանդեսը, ծրագրի համակարգող Ալմա-Լաուրեա միջհամալսարանական կոնսորցիումի (Բոլոնիա, Իտալիա) ներկայացուցիչ  Լուիզա  Մենգոնին մանրամասն խոսեց այն մասին, թե պլատֆորմը ինչ է իրենից ներկայացնում: Մասնավորապես խոսվեց շրջանավարտների տվյալների բազայի, ինչպես նաև գործատուների տվյալների՝  էլեկտրոնային հարթակ մուտքագրման, թարմացման, տվյալների փնտրման, պլատֆորմում աշխատելու գործիքների մասին: Նշվեց, որ պլատֆորմը հիանալի հնարավորություն է ընձեռում ուսանողներին (շրջանավարտներին)՝ համապատասխան աշխատանք փնտրելու և գործատուներին՝ իրենց պահանջներին համահունչ կադրեր գտնելու առումով: Գործատուն կարող է շրջանավարտ որոնել նույնիսկ
ըստ բնակության  վայրի, սեռի, տարիքի, մասնագիտական այս կամ այն ունակությունների: Լուիզա  Մենգոնին անդրադարձ կատարեց նաև  «HEN-GEAR» պլատֆորմի  ներկային  և հեռանկարներին: Նրա փոխանցմամբ՝  ներկայում գրանցված են 4400 շրջանավարտ և առկա է 3450 CV, ինչն , ըստ նրա, հիանալի ցուցանիշ է:

Նշենք, որ ըստ օրակարգի՝ այս պահին «Բարձրագուն կրթության ցանցերը և շրջանավարտների զբաղվածունակությունը» թեմայով զեկույցներով հաջորդաբար  հանդես են գալիս  Իսպանիայի Ուելվայի համալսարանի ներկայացուցիչ Ֆրանցիսկո Բարբան, Լաս Պալմաս դե Գրան Կանարիայի համալսարանի (Գրան Կանարիա կղզի, Իսպանիա) ներկայացուցիչ Նիկոլաս Դիասը և ՄԻՆՅՈ-ի համալսարանի (Բրագա, Պորտուգալիա) ներկայացուցիչ Անգելա Մաթոսը:

Վերջիններիս ելույթներից հետո Հայաստանի ուսանողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը կներկայացնի ««HEN-GEAR» պլատֆորմի վերաբերյալ ուսանողների տեսակետերը» թեմայով զեկուցում, այնուհետև տեղի կունենա բաց քննարկում: Հանդիպման երկրորդ հատվածում՝ 15.30-ից սկսած ծրագրի կառավարման խորհուրդը կքննարկի ծրագրի իրականացման ընթացիկ և ապագա կայունության հարցերը,  առաջիկա անելիքները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:

«HEN-GEAR» ծրագիրը կամփոփվի այս տարի:  Նշենք, որ այսօրվա  հանդիպումը կընթանա մինչև աշխատանքային օրվա ավարտը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին