ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են Համաշխարհային բանկի կազմակերպած կոնֆերանսին

Դիտումների քանակ՝ 1136

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչները՝  հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Աշոտ Մաթևոսյանը, ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ալվարդ Սարգսյանը, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Լիանա  Գրիգորյանը երեկ՝ հունվարի 15-ին, մասնակցել են Համաշխարհային բանկի  կողմից կազմակերպված հերթական կոնֆերանսին (առցանց): Ինչպես տեղեկացրեց Աշոտ Մաթևոսյանը, «Պարտադիր աուդիտի նոր նորմատիվային հիմքերը» թեմայով կոնֆերանսին մասնակցել են 8 պետությունների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Ուկրաինա, Լեհաստան, Մոլդովա, Բրյուսել) ներկայացուցիչներ:

«Հիմնականում խոսվել է ֆինանսական ճգնաժամից հետո Եվրամիության երկրներում աուդիտի հետ կապված նոր մարտահրավերների մասին, զեկուցողները արտահայտել են իրենց տեսակետները, պարզաբանվել են պարտադիր աուդիտի դրույթները, կոնֆերանսն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով»,- մանրամասնեց Աշոտ Մաթևոսյանը:

Հայաստանի ներկայացուցիչները հարցեր են հղել կարգավորող մարմնի գործառույթների, դրա կառուցվածքի, ֆինանսական կայունության տեսանկյունից աուդիտի դերի բարձրացման ու  ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ:

Հավելենք, որ Հայաստանից կոնֆերանսին մասնակցել են  մեր բուհի երեք ներկայացուցիչներ և ՀՀ հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի նախագահ Հովիկ Պետրոսյանը՝ իր աշխատակիցների հետ: Կոնֆերանսից հետո, Հայաստանի  ներկայացուցիչների շրջանում, ՀՊՏՀ դասախոս Ալվարդ Սարգսյանի նախաձեռնությամբ, քննարկվել են  հանրային հաշվառման ոլորտում իրականացված միջոցառումները, վերհանվել են ուսումնական գործընթացում հանրային հաշվառման ստանդարտների  ոլորտում նոր հաշվային պլանի կիրառման հետ կապված առկա մի շարք հիմնախնդիրներ: Աշոտ Մաթևոսյանի փոխանցմամբ՝ ՀՀ հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել  նշված հարցերի շուրջ մասնագետների համար կազմակերպել քննարկումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին