ՀՊՏՀ-ում էին «Հայկական ծրագրեր» ընկերության ներկայացուցիչները

Դիտումների քանակ՝ 1497

«Հայկական ծրագրեր» ընկերության  ներկայացուցիչներն այսօր հյուրընկալվել էին  հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում, որտեղ կայացավ հանդիպում նշված ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ֆակուլտետի դեկանի տեղակալ Սոնա Ղազարյանը, նպատակն էր ուսանողներին առաջարկել փորձաշրջանով աշխատանք: Ինչպես նշեց  կազմակերպության ներկայացուցիչ Խորեն Ասատրյանը,  ամեն տարի ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ավարտական կուրսերի ուսանողների հետ կազմակերպվում են նմանատիպ հանդիպումներ, ցանկացողները հարցազրույցը հաղթահարելուց հետո մասնակցում են  կազմակերպության կողմից անցկացվող  վերապատրաստման դասընթացներին, ստանում են որակավորում (վկայական),  լավագույններն անցնում են աշխատանքի հենց «Հայկական ծրագրեր» ընկերությունում:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Խորեն Ասատրյանը նշեց, որ նախորդ տարիներին ՀՊՏՀ-ից իրենց են դիմել տասնյակ ուսանողներ, որոնք մասնակցել են դասընթացներին, նրանցից մի քանիսն այժմ իրենց աշխատակիցներն են:

Այսօր ՀՊՏՀ-ում հյուրընկալված կազմակերպության ներկայացուցիչներից Մանե Ավետիսյանը մեր բուհի 2014թ. շրջանավարտ է, աշխատում է  «Հայկական ծրագրեր»-ում՝ որպես տնտեսագետ-ինժեներ: «Ուսանողներին խորհուրդ եմ տալիս մասնակցել դասընթացներին, որովհետև այն բացառիկ հնարավորություն է ընձեռում տիրապետելու մի շարք մասնագիտական ծրագրերի, որոնք հետագայում նրանք կկիրառեն գործնականում: Նշեմ, որ դասընթացը բավականին հետաքրքիր է անցնում»,-նշեց մեր շրջանավարտը:

Ուսանողների՝ վերապատրաստման գործնական դասընթացներին մասնակցելու անհրաժեշտությունը մեզ հետ զրույցում ընդգծեց նաև հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին