«Ամբերդ» հետազոտական կենտրոնի խորհուրդը հավանություն տվեց 2015 թվականի մրցութային հետազոտական թեմաներին

Դիտումների քանակ՝ 1804

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն այսօր խորհրդի նախագահ, ռեկտոր Կորյուն Աթոյանի նախագահությամբ քննարկեց ՀՀ նախարարությունների ներկայացրած հետազոտական ուղղություններով հետազոտական թեմաների 2015թ. մրցույթի անցկացման մասին հարցը: Թեմաների և մրցույթի անցկացման նոր պահանջների մասին զեկուցեց կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը: Քննարկելով ներկայացրած թեմաները, դրանց տեխնիկական առաջադրանքները՝ խորհուրդը հավանություն տվեց ներկայացված առաջարկին, հաստատեց 2015թ մրցույթի անցկացման կարգն ու հետազոտական հայտի ձևը:

Խորհուրդը որոշեց 2015թ. հունվարի 12-ին հրապարակել մրցույթի հայտարարությունը, մինչև հունվարի 30-ը ներառյալ ընդունել հայտերը, իսկ մինչև փետրվարի 27-ը կազմակերպել հայտերի փորձաքննությունն ու հետազոտական խմբերի ընտրությունը:

Նիստի ավարտին Կորյուն Աթոյանը շնորհավորեց կենտրոնի խորհրդատվական խորհրդի, ինչպես նաև աշխատակիցների Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ մաղթելով առողջություն, ընտանեկան բարօրություն և նպատակների իրագործում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին