Համագործակցություն հայաստանյան ֆոնդային բորսայի հետ. ՀՊՏՀ-ն և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան» հուշագիր ստորագրեցին

Դիտումների քանակ՝ 1385

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր  ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ մեր բուհի և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայի միջև: Համաձայնագիրը ստորագրեցին երկու կողմերի ղեկավարները՝ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր  Կորյուն Աթոյանը և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը՝ բուհի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, մասնավորապես ֆինանսական ֆակուլտետի ներկայացուցիչների, ուսանողների  մասնակցությամբ:

Սույն հուշագրի առարկան ՀՊՏՀ-ում արժեթղթերի շուկայի բնագավառում մասնագիտացման կրթական ծրագրերի կատարելագործումն է:

Բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նշելով, որ  ուրախ է մեր բուհում հյուրընկալելու «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայի գործընկերներին՝ տնօրեն Կոնստանտին Սարոյանի գլխավորությամբ, ապա ներկայացրեց հանդիպման նպատակը: «Մեր  բուհի հիմնական առաքելությունը որակյալ  կրթության ապահովումն է, և բազմիցս ասվել է՝ որ առանց գործատուների հետ համագործակցելու՝ բուհը պարզապես որակյալ կրթություն ապահովել չի կարող: Դա միանշանակ է, ոչ ոք չի կարող ժխտել: Հետևաբար արդեն մի քանի տարի է՝ մենք Հայաստանի պետական, մասնավոր հատվածի գործատուների հետ համագործակցում ենք, որի նպատակն է գործատուի, աշխատաշուկայի համար որակյալ կադրերի պատրաստումը»,-ասաց ռեկտորը՝ ընդգծելով, որ տվյալ պարագայում համագործակցությունն առնչվում է արժեթղթերի ոլորտի մասնագետներին (ուսանողներին): Կորյուն Աթոյանն իր խոսքում կարևորեց ուսումնական ամբողջ գործընթացը՝ առարկայացանկից մինչև ավարտական աշխատանքների թեմաների ընտրություն, գործընկեր կողմի հետ կազմակերպումը:

«Ցանկացած համագործակցության արդյունքում ուսումնական բոլոր ծրագրերը պետք է համաձայնեցվեն գործատուի հետ: Այսօր լավագույն կադրերը չեն մնում առանց աշխատանքի: Կարծում եմ՝  այս համագործակցությունը կնպաստի նրան, որ մենք կթողարկենք ավելի որակյալ  կադրեր, և նրանք առանց դժվարության աշխատանքի կանցնեն»,-շեշտեց ռեկտորը:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը. «Ես կարող եմ ասել, որ այս ֆորմալ ստորագրումն, ըստ էության, ամփոփում է այն համագործակցությունը, որն արդեն առկա էր: Ես ՀՊՏՀ-ում քննական հանձնաժողովի նախագահ եմ, մենք ունենք բազմաթիվ շրջանավարտներ մեզ մոտ աշխատող և անընդհատ փորձում ենք ընդլայնել համագործակցությունը»: Տնօրենը նշեց համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու հաստատակամության մասին՝ ընդգծելով, որ ՀՊՏՀ-ն միակ բուհն է, որը պատրաստում է արժեթղթերի շուկայի մասնագետներ:

Հուշագրի ստորագրումից հետո համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը շեշտեց, որ այդպիսով կողմերի համագործակցությունն իրավաբանական ուժ ստացավ, ինչին պետք է հետևի ջանադիր աշխատանքը՝ մասնավորապես ֆինանսների ամբիոնի կողմից:

Հուշագրի ստորագրումը և երկկողմ համագործակցությունն իրենց խոսքում կարևորեցին  ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչի ժ/պ պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի տնօրեն Վահան Ստեփանյանը:

Ֆինանսական ֆակուլտետի արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Նունե Մկրտչյանը կարծիք հայտնեց, որ  համաձայնագիրը հնարավորություն կընձեռի է'լ ավելի հարստացնելու մասնագիտական գիտելիքները և հեշտ աշխատանք գտնելու:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին