Կայացավ ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի՝ տարվա վերջին շնորհանդեսը. հանդես եկավ «Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրություն» խումբը

Դիտումների քանակ՝ 1928

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր  2014-2015թթ. գիտաուսումնական խմբերի այս տարվա վերջին  շնորհանդեսն էր. հանդես եկավ  «Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրություն» խումբը: Շնորհանդեսին մասնակցում էին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Ներկաներին ողջունելու էր եկել ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:

«Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրություն» գիտաուսումնական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., Մանուկ Մովսիսյանը, խմբի մասնակիցներն են բանկային գործ և ապահովագրության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արման Դաղունցը, նույն ամբիոնի տ.գ.թ., դոցենտ Վահե Միքայելյանը և տ.գ.թ.,  ասիստենտ Արմեն Վարդանյանը, մագիստրանտներ Սիրարփի Սահակյանը, Վիլյամ Շահինյանը: Խմբի աշխատության թեման է «Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման ուղիները ՀՀ-ում»:

Ողջույնի խոսքում պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը նշեց, որ գիտաուսումնական խմբերի առաջին պարբերաշրջանի վերջին սեմինարն է, օրվա սեմինարի թեման բավականին ուշագրավ է: Պրոռեկտորը, կարևորելով հետազոտական աշխատանքները, ընդգծեց, որ որոշ դասախոսների համար այն կենսակերպ է, ինչը ողջունելի է: Գագիկ Վարդանյանը շեշտեց նաև այս աշխատանքներում հնարավորինս շատ մագիստրանտների ներգրավելու անհրաժեշտությունը:

Մանուկ Մովսիսյանը, ներկայացնելով գիտաուսումնական խմբի անդամներին, խոսեց աշխատանքի բաժանման մասին, հիմնավորեց թեմայի ընտրությունը: Մատնանշվեցին այն հիմնական նպատակներն ու խնդիրները, որն իր առջև դրել է խումբը: Դրանցից մեկն, օրինակ, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու դրա ներդրումն է Հայաստանում (անշուշտ, հաշվի առնելով առանձնահատկությունները):

Գիտաուսումնական խմբի ղեկավարը խոսեց գյուղատնտեսական ճյուղի՝ տնտեսական աճին նպաստելու չափի, ՀՀ ընդհանուր հողային մակերեսների և ըստ տեսակների գյուղատնտեսական  նշանակության հողերի, ըստ մարզերի՝ ՀՀ գյուղատնտեսության  համախառն արտադրանքի կառուցվածքի, գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի, դրանց տոկոսադրույքների և այլնի մասին: Հաջորդիվ զեկուցմամբ հանդես եկավ Արման Դաղունցը՝ անդրադառնալով գյուղատնտեսական ռիսկերի դասակարգմանը, ապահովագրության իրականացման խնդիրներին, եղանակներին և այլն: Ներկայացվեց միջազգային փորձը: Խմբի անդամ Արմեն Վարդանյանը ներկայացրեց ապահովագական ծառայության սակագնի որոշմանն առնչվող զեկուցում:

Մանուկ Մովսիսյանն ամփոփելով սեմինարը՝ ասաց, որ խմբի կողմից կիրականացվեն դասախոսություններ, սեմինարներ, որը հնարավորություն կընձեռի հետազոտությունն իրականացնելիս նկատի ունենալ նաև տարբեր մարդկանց նկատառումներն ու դիտարկումները: Ներկաների կողմից հնչեցին հարցադրումներ ու նկատառումներ, իսկ հանդիպումը վարող ՏԿ և ՄՏՀ դեկան Ատոմ Մարգարյանը եզրափակեց սեմինարը՝ խմբին մաղթելով արգասաբեր աշխատանք:

Այսպիսով, գիտաուսումնական խմբերի այս տարվա շնորհանդեսներն ավարտվեցին: Հավելենք, որ 2014-2015թթ. ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերը 8-ն են. սեմինարները կշարունակվեն 2015 թվականին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին