Երկրատեղեկատվական համակարգերի կարևորությունը. վերլուծում են ՀՊՏՀ գիտնականները

Դիտումների քանակ՝ 2126

Համալսարանի նիստերի սրահում այսօր նաև  «Երկրատեղեկատվական համակարգեր» գիտաուսումնական  խմբի շնորհանդեսն էր, որին մասնակցում էին ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, գիտության բաժնի պետ, դոցենտ Խորեն Մխիթարյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

«Հայաստանի Հանրապետությունում երկրատեղեկատվական համակարգերի կիրառումը անշարժ գույքի կառավարման բնագավառում» հետազոտական թեմայի ղեկավար, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը շեշտադրեց, որ երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն ուղղված է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծմանը, բնական և տնտեսական ռեսուրսների վերաբերյալ տվյալների միասնական տեղեկատվական բազայի ստեղծմանը և ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Նա ներկայացրեց թեմայի կատարման ընթացքը և հավելեց, որ խմբի առաջարկությունները կներկայացվեն ՀՀ տարածքային կառավարման  և արտակարգ իրավիճակների նախարարություն:

Թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես եկան հետազոտական խմբի անդամներ, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ասիստենտներ Արմեն Ռուբենյանը և Գևորգ Ալոյանը (խմբի անդամներ են նաև մագիստրանտներ Քրիստինե Մքոյանը և Աբով Բաղդասարյանը): Ա. Ռուբենյանը ներկայացրեց երկրատեղեկատվական համակարգերի ծրագրագործիքային համալիրը, պատմական անդրադարձ կատարեց այլ երկրների փորձին, ներկաների ուշադրությունը հրավիրեց ԵՏՀ գործունեության սխեմային՝ կառավարման կանոնակարգման սկզբունքներին:

Գևորգ Ալոյանը խոսեց երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման ուղղությամբ մինչ օրս ՀՀ-ում կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ համակարգի ձևավորումը թույլ կտա համալիր վերլուծությունների համար ստեղծել ամբողջական բազա, որը պարբերաբար կթարմացվի և արդյունավետ կառավարման համար կպարունակի հավաստի և ամբողջական տեղեկատվություն:

Հարցադրումներով հանդես եկան դոցենտներ Ատոմ Մարգարյանը և Վոլոդյա Մանասյանը:

Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց թեման և կատարված աշխատանքը հանգամանալից ներկայացնելու համար, խորհուրդ տվեց հետագա աշխատանքներն առավելապես կառուցել տնտեսագիտական ուղղվածությամբ, ապա բոլոր խմբերի ղեկավարներին և մասնակիցներին կոչ արեց մասնակցել սեմինարներին, քանի որ բոլոր թեմաները փոխկապված են և փոխլրացնում են միմյանց:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին