Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողներն այցելել են «Կոկա-կոլա» ընկերություն

Դիտումների քանակ՝ 1242

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի տնտեսագիտական վերլուծություն մասնագիտության  1-ին կուրսի ուսանողներն օրերս կուրսղեկ Դիանա Մինասյանի ուղեկցությամբ այցելել են «Կոկա-կոլա» ընկերություն («Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ քամփնի Արմենիա»): Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց նշված ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ այցը եղել է ուսանողների առաջարկով:

«1-ին կուրսեցիները մեզ դիմեցին համապատասխան  մասնագիտական այցելության առաջարկով, մենք օժանդակեցինք և կազմակերպեցինք այն: Հետաքրքրական է, որ նմանատիպ գործնական այցերը կազմակերպվում են հենց 1-ին կուրսից սկսած, քանի որ ուսանողը հնարավորություն է ունենում ստացած տեսական գիտելիքը յուրացնել նաև գործնական կիրառության միջոցով»,-ասաց դեկանը:

Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Դիանա Մինասյանի խոսքով՝ այցը բավականին տպավորիչ է եղել ուսանողների համար: 4- ժամյա գործնական դասի ընթացքում նրանք շրջել են ընկերության արտադրական տարածքում, ծանոթացել են աշխատանքային գործընթացին և, որ ամենակարևորն է, եղել են հաշվապահությունում:

«Ուսանողները ծանոթացան «FIFO»  («ԱՄԱԵ»՝ առաջինը ելք, առաջինը մուտք) հաշվապահական մեթոդին, դրա գործնական կիրառությանը: Նրանք հետաքրքրվեցին նաև ընկերության կողմից առաջարկվող  փորձառությամբ, որն, ի դեպ, հեռանկարային է. լավագույններն աշխատանքի են անցնում ընկերությունում»,-ընդգծեց կուրսղեկը:

Աշոտ Մաթևոսյանը, կարևորելով նմանօրինակ  մասնագիտական այցերը,  նշեց, որ առաջիկայում ևս շատ ուսանողներ մասնակից կլինեն գործնական դասերի՝ տարբեր կազմակերպություններում:

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել են ուսանողները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին