«Կենսաթոշակային բարեփոխումները ՀՀ-ում» թեման հետազոտում են մագիստրանտները՝ բաց դասի շրջանակներում
ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի նախաձեռնությամբ այսօր տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտացման մագիստրատուրայի 1-ին կուրսում կազմակերպվել էր բաց դաս՝ «Կենսաթոշակային բարեփոխումները ՀՀ-ում» թեմայով: Դասին մասնակցում էին նշված ամբիոնի վարիչ Իշխան Տիգրանյանը, դասախոսներ:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում դասի կազմակերպիչներից տ.գ.թ., դոցենտ Արփենիկ Մուրադյանը նշեց, որ բաց դասն անցկացվում է «Սոցիալական քաղաքականություն» առարկայի շրջանակներում: Զեկուցումներով հանդես եկան մագիստրանտներ Լիլիթ Թովմասյանը և Վազգեն Պողոսյանը: Բանախոսները ներկայացրեցին իրենց կատարած հետազոտական աշխատանքը՝ խոսելով հին և նոր կենսաթոշակային համակարգերի, աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման կարգի և այլնի մասին: Կատարվեցին ուշագրավ վերլուծություններ:
«Քանի որ թեման հետաքրքիր է հատկապես երիտասարդ սերնդի համար, մեր նպատակն է բարձրացնել ուսանողների իրազեկվածությունը՝ կենսաթոշակային բարեփոխումների մասին: Մագիստրանտները փորձել են ցույց տալ նոր ներդրված կենսաթոշակային համակարգի էությունը, առավելությունները, ռիսկերը և այլն, կատարել են նաև միջազգային փորձի ուսումնասիրություն»,-ասաց դոցենտը:
Արփենիկ Մուրադյանի խոսքով՝ բաց դասերի կազմակերպումը շարունակական կլինի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին