ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը 20 տարեկան է. հանդիսավոր նիստ՝ համալսարանում (լուսանկարներ)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը 20 տարեկան է: Հոբելյանի առիթով սեպտեմբերից մեկնարկած միջոցառումներն այսօր ամփոփվեցին համալսարանի դահլիճում հրավիրված հանդիսավոր նիստով, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, նախկին ուսխորհրդականներ, պատվավոր հյուրեր, ուսանողներ:
Ներկաներին ողջունեց և հոբելյանի առիթով շնորհավորեց ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը՝ ներկայացնելով դահլիճում գտնվող ՈւԽ նախկին նախագահներին, ապա հաշվետու նիստը վարելու համար խոսքը փոխանցեց ուսանողական խորհրդի նախկին և պատվավոր նախագահ Աբրամ Բախչագուլյանին: «Հնի պահպանումը և նորի ստեղծումը մեր ուսանողական խորհրդի նպատակներից է»,- ողջույնի ելույթում ընդգծեց Աբրամ Բախչագուլյանը:
Առաջինը ելույթի խոսքը տրամադրվեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին, ով իր ելույթում արժևորեց ուսանողական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես ՀՊՏՀ ուսանողական խորհրդի դերն ու գործունեությունը: «ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը բոլորում է իր 20-ամյակը՝ խոսուն տարեգրություն ստեղծելով իր 20-ամյա գործունեության մասին: Ստեղծվելով երկու տասնամյակ առաջ՝ ուսանողական ինքնակառավարման մարմինները անցել են ինքնադրսևորման և կայացման յուրատեսակ ճանապարհ՝ դառնալով համալսարանական իրականության բաղկացուցիչ մասը: Ուսանողական խորհուրդները նոր գույն հաղորդեցին ուսումնական առօրյային՝ դառնալով ուսանողներին մոբիլիզացնող, նրանց գաղափարները տարածող, նրանց խնդիրները բարձրաձայնող յուրատեսակ խոսափող»,-նշեց ռեկտորը՝ ընդգծելով, որ մեր բուհի ուսանողական խորհուրդը պատվով է անցել կայացման առաջին երկու տասնամյակները և քայլում է կայուն զարգացման ճանապարհով:
«Ռեկտորատի, համալսարանի մյուս ստորաբաժանումների, ինչպես նաև մի շարք այլ կառույցների հետ համագործակցությամբ ուսանողական խորհուրդը կարողանում է կազմակերպել ուսանողների հանգստին, ժամանցին, զարգացմանը, մարզական կյանքի աշխուժացմանն ուղղված բազմազան միջոցառումներ, որոնց սիրով ներգրավում են հարյուրավոր ուսանողներ: Վերջին տարիներին հատկապես մենք բազմաթիվ առիթներ ենք ունենում ուրախանալու մեր ուսանողների հաջողություններով, որոնք արձանագրվում են բոլոր ոլորտներում՝ գիտակրթականից մինչև մարզական: Հաճախացել է ուսանողական խորհրդի մասնակցությունը հանրապետական երիտասարդական, ուսանողական տարատեսակ նախագծերին, որտեղ մեր համալսարանի ուսանողությունը հանդես է գալիս միասնական, համերաշխ և աչքի ընկնում իր հաջողություններով»,- ընդգծեց Կորյուն Աթոյանը՝ ուսանողներին մաղթելով հաջողություն ուսման մեջ, հիշարժան օրեր ուսանողական կյանքում, նորանոր ձեռքբերումներ:
Ելույթի ավարտից հետո համալսարանի ռեկտորը ՈւԽ 20-ամյա հոբելյանի առիթով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմնի կայացման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց ՈՒԽ նախկին նախագահներ Մարկոս Շիրինյանին, Սամվել Եղիկյանին, Արթուր Գյուլազյանին, Աբրամ Բախչագուլյանին, Արմեն Ալեքսանյանին, Սևակ Խաչատրյանին:
Ելույթով հանդես եկավ ՈւԽ հիմնադիր նախագահ Մարկոս Շիրինյանը, ով ամփոփ ներկայացրեց ուսանողական խորհրդի հիմնադրման պատմությունը՝ նշելով, որ այն իրականացրել է նախապես դրված նպատակներից մեկը՝ ուսանողների ինքնակառավարման, կազմակերպչական գործառույթը:
Ներկաների հետ իրենց ուսանողական հետաքրքիր հուշերով կիսվեցին և շնորհավորական խոսքեր ասացին նաև ուսանողական խորհրդի նախկին նախագահներ և անդամներ Սամվել Եղիկյանը, Արմեն Ալեքսանյանը,Սևակ Խաչատրյանը, Արմեն Սմբատյանը, Արման Գևորգյանը: Ելույթ ունեցավ ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, ով արժևորեց 90-ականներին ստեղծված ուսանողական խորհուրդների դերը: Պրոռեկտորի խոսքով՝ ՈւԽ-ն նաև կադրերի պատրաստման յուրատեսակ դարբնոց է: «ՈւԽ անդամ լինելն ավելի շատ պարտականություն է, քան իրավունք»,-ասաց Միհրդատ Հարությունյանը: Շնորհավորական խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ բնօգտագործման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը՝ ՈւԽ-ին բարեմաղթելով մնալ հավերժ երիտասարդ:
ՀՊՏՀ ՈւԽ հոբելյանը շնորհավորեցին նաև հատուկ հյուրեր՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ՈւԽ նախագահ Անահիտ Թունյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Հակոբյանը: Ելույթ ունեցավ նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը՝ նշելով, որ ՀՊՏՀ-ն ՀՈւԱԱ-ի ամենակայուն և վստահելի գործընկերներից է. նա նաև խորհրդանշական նվեր հանձնեց ՀՊՏՀ-ականներին:
Հավելենք, որ ՀՊՏՀ ՈւԽ 20-ամյակին նվիրված եզրափակիչ միջոցառումը՝ հոբելյանական միջոցառումների փակման հանդիսավոր արարողությունը, տեղի կունենա այսօր երեկոյան ժամը 17.30-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին