Ուսանող-գործատու հանդիպում՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում

Դիտումների քանակ՝ 1074

ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսում  այսօր հյուրընկալվել էին ՀՀ հաշվապահական հաշվառման գրասենյակների ցանցի հիմնադիր, տ.գ.թ.  Վահագն Համբարձումյանը և  գրասենյակային ցանցի երկու ներկայացուցիչներ՝ ուսանողների մասնագիտական կարողություններին ծանոթանալու, իրենց ցանցում նրանց աշխատանք առաջարկելու նպատակով: Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը, ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը ներկայացրեցին հյուրերին, որից հետո Վահագն Համբարձումյանը զրուցեց մագիստրանտների հետ:

Նշենք, որ Հայաստանի հաշվապահական հաշվառման գրասենյակների ցանցը տարածքային հաշվապահական հաշվառման գրասենյակներից և կենտրոնական կառավարող գրասենյակից կազմված ցանց է, որը գործում է Երևանում և ՀՀ բոլոր մարզերում: Գործատուն այսօր աշխատանք էր առաջարկում  նաև մարզերում:

Ինչպես զրույցի ժամանակ նշեց Վահագն Համբարձումյանը՝ իրենց մոտ արդեն աշխատում են Տնտեսագիտական համալսարանի ուսանողներ, շրջանավարտներ: Նա կարևորեց վերապատրաստման դասընթացներին ուսանողների մասնակցությունը  և նշեց, որ դա  մասնագիտական գիտելիքները անընդհատ համալրելու արդյունավետ ձև է:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքային պայմանները, գործատուն պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին