Մագիստրոսական հետազոտական խմբի շնորհանդես՝ «Ամբերդ» կենտրոնում
«Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօրվա միջոցառման հերոսները մագիստրանտներն էին. կայացավ «Պարենային ապրանքների շուկաների մարքեթինգային հետազոտություններ» ծրագրի շնորհանդեսը: Հետազոտական խմբի ղեկավարն է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Արմեն Գրիգորյանը: Հետազոտական խմբի անդամներն են մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի «Մարքեթինգային հետազոտություններ» և «Մարքեթինգային հաղորդակցություններ» մասնագիտացումների մագիստրանտներ Վարդուհի Հարթենյանը, Թամարա Հարությունյանը, Հակոբ Բաղդասարյանը, Արմինե Թեմուրյանը, Ելենա Դավթյանը, Ինեսսա Ոսկանյանը:
Շնորհանդեսին մասնակցում էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի աշխատակիցները, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վադիմ Գրիգորյանը, ուսանողներ:
Բացման խոսքով հանդես եկավ Արմեն Գրիգորյանը, ով ամփոփ ներկայացրեց մագիստրանտների կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ խմբի ջանքերով ստեղծվել է վիճակագրական տվյալների բազա, որը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ամբերդ» բաժնում. դրան կարող եք ծանոթանալ այս հղումով՝ http://goo.gl/n6Lbta :
Կայքի «Վիճակագրական տվյալների բազա» խորագրի տակ ներկայացված են մաքսային վիճակագություն, շուկաներին առնչվող վիճակագություն, գներ և սակագներ ենթաբաժինները: Խմբի ղեկավարը առանձին-առանձին անդրադարձավ 3 ենթաբաժինների ներքո ներկայացված տվյալներին:
Մագիստրանտ Ինեսսա Ոսկանյանի բանախոսությամբ ներկայացվեցին ՀՀ-ում պարենային և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների շուկաների վերլուծության առավել առանցքային արդյունքները: Անդրադարձ կատարվեց հետազոտական աշխատանքի ընթացքում բացահայտված՝ տնտեսվարողների կողմից կատարվող խախտումներին (չմակնշված ապրանքների կամ կեղծ մակնշված ապրանքների թողարկում և այլն): Սամվել Ավետիսյանը հանդես եկավ հարցադրումներով և թեմային առնչվող հետաքրքիր վերլուծություններով:
Կենտրոնի տնօրենը, նշելով, որ բավականին հետաքրքիր և ուշագրավ աշխատանք է կատարվել, խմբի ղեկավարին առաջարկեց առանձնացնել առավել արժեքավոր վերլուծությունները և ներկայացնել համապատասխան մարմինների ուշադրությանը:
Մագիստրոսական խմբի անդամները կատարված հետազոտությունների համար « արժանացան վկայականների:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին