Պատմության մեջ առաջին ուսանողական թիմը՝ ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությունում

Դիտումների քանակ՝ 1084

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը մասնակցում է ՀՀ ֆուտզալի 2014-2015 թթ. բարձրագույն խմբի առաջնությանը: Երեկ տեղի է ունեցել մեր հավաքականի անդրանիկ խաղը. հյուրընկալվելով Հրազդանի ֆուտզալի թիմին՝ մեր բուհի թիմը 1:12 հաշվով հաղթանակ է արձանագրել: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը՝ հպարտությամբ ընդգծելով, որ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ուսանողական թիմը ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացնում:

Մեր հարցին, թե ինչպես որոշվեց  մասնակցել  ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությանը, ամբիոնի ղեկավարը պատասխանեց. «ՀՊՏՀ թիմը վերջին երեք տարիներին  Հայաստանի ուսանողական մարզական խաղերում, այս ամռանը նաև Ռոտերդամում կայացած Համաեվրոպական համալսարանական խաղերում իրեն լավագույնս է դրսևորել և սա դարձավ առիթ, որ բուհի ղեկավարությունը որոշեց՝ մեր հավաքականը պետք է մասնակցի ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությանը»:  Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ ՀՊՏՀ ֆուտզալի թիմն ապագայում ավելի հավակնոտ ծրագրեր ունի, որոնց թվում է 2015թ. օգոստոսի առաջին տասնօրյակում Լեհաստանի Պոզնան քաղաքում կայանալիք եվրոպական ուսանողական ֆուտզալի առաջնությունը:

Հաջողություններ ենք մաղթում մեր համալսարանի թիմին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին