Ինտելեկտուալ մրցույթ` «Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակներում. ՀՊՏՀ գիտակների թիմը՝ հաղթող
Արարատյան հայրապետական երիտասարդական կառույցների նախաձեռնությամբ թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցում երեկ՝ նոյեմբերի 24-ին, «Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է ինտելեկտուալ մրցույթ, որին մասնակցել է նաև ՀՊՏՀ «Index PRO» գիտակների թիմը և զբաղեցրել առաջին պատվավոր հորիզոնականը՝ արժանանալով գավաթի և պատվոգրի:
Մրցույթին մասնակցել են 17 թիմեր՝ հայաստանյան բուհերից և տարբեր կազմակերպություններից (թիմերից 13-ը Երևանի քաղաքապետարանին կից երիտասարդների հարցերով խորհրդի մեջ ընդգրկված կազմակերպությունների անդամներ են եղել):
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում «Index PRO» թիմի ավագ Հարություն Արզումանյանը նշեց, որ մեր թիմի տղաները բավականին հաջող մասնակցություն են ցուցաբերել, 24 հարցից ճիշտ են պատասխանել 19-ին:
«Հարցերը հիմնականում տրամաբանական էին: Ցանկանում եմ նշել, որ նմանաբնույթ միջոցառումներին մասնակցությունը շատ կարևոր է, քանի որ հատկապես ուսանողը, երիտասարդը, պետք է քաջատեղյակ լինի իր ժողովրդի պատմությանը»,-ասաց թիմի ավագը:
Հարություն Արզումանյանի հավաստմամբ՝ նախևառաջ, մենք պետք է իրազեկ լինենք մեր ժողովրդի պատմությանը, հոտո նոր՝ կոչ անենք աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Գիտակների թիմի ավագը ուսանողներին ու երիտասարդներին խորհուրդ է տալիս շատ կարդալ և զարգանալ:
Ինչպես հայտարարում են նախագծի կազմակերպիչները, այս մրցույթը նպատակ ուներ Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի, միջազգային իրավական ակտերի մասին տեղեկություններ փոխանցել երիտասարդներին ու պարզել վերջիններիս իրազեկման մակարդակը:
Շնորհավորում ենք մեր թիմին, մաղթում նոր բարձունքներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին