Սեմինար՝ «ՀՀ տնտեսության ոլորտային զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնախնդիրները ՄՄ-ին անդամակցության պայմաններում» ծրագրի շրջանակներում
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի խորհրդակցությունների սրահում այսօր տեղի ունեցավ «Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների խորացման ազդեցությունը ՀՀ ազգային մրցունակության վրա» խորագրով գիտական սեմինար՝ «ՀՀ տնտեսության ոլորտային զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնախնդիրները Մաքսային միությանն անդամակցության պայմաններում» ծրագրի շրջանակներում:
«Հայաստանի տնտեսության համեմատական առավելությունները տարածաշրջանային ինտեգրման համատեքստում» զեկուցումով հանդես եկավ հետազոտական խմբի անդամ, տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանը:
Նա խոսեց ընդհանուր մաքսատուրքի ներդրման հնարավոր ծախսատարության պատճառների, մաքսային արժեքների որոշման մեթոդների խնդրի մասին, ներկայացրեց Մաքսային միության ստատիկ և դինամիկ ազդեցությունները անդամակցող երկրի վրա, արտաքին առևտրում ՀՀ և ՌԴ համեմատական առավելությունները (աղյուսակի տեսքով) , անդրադարձավ Բելլա Բալասայի համաթվին և այլն:
Հետազոտական խմբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Դավիթ Հախվերդյանը ներկայացրեց մոդիֆիկացված գրավիտացիոն մոդելի ֆունկցիոնալ ձևը, դրանում առավել հաճախ օգտագործվող ցուցանիշները, գրավիտացիոն մոդելի էվոլուցիան, սահմանափակումները և այլն: Վերջում բանախոսն անդրադարձավ հիպոթեզներին:
Սեմինարի ավարտին, թեմայի քննարկումից հետո, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց բանախոսներին և կոչ արեց նկատի ունենալ քննարկման ժամանակ «Ամբերդի» աշխատակիցների կողմից հնչեցված առաջարկություններն ու նկատառումները:
Հավելենք, որ վերոնշյալ հետազոտական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին