Հասակ է առնում գրագետ, նպատակասլաց, բազմակողմանի հետաքրքրություններ ունեցող մի բացառիկ սերունդ. ռեկտոր Կորյուն Աթոյանի շնորհավորանքը ուսանողներին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի սիրելի ուսանողներ, համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը այսօրվա տոնի՝ Ուսանողների միջազգային օրվա առիթով ձեզ է հղել շնորհավորական ուղերձ, որը ներկայացնում ենք ստորև.
Սիրելի ուսանողներ
Այսօր հրաշալի տոն է, նշվում է Ուսանողների միջազգային օրը: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, մաղթում, որ ուսանողական կյանքի բախտորոշ տարիները ձեզ համար ստեղծեն այն ամուր հիմքը, որը հնարավորություն կտա կերտելու արժանապատիվ ապագա:
Սիրելի ուսանողներ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարության գործունեությունն ուսանողակենտրոն է, ինչի մասին, վստահ եմ, շատերդ կհավաստեք: Մեր ներկա գործունեությունն ամբողջությամբ կառուցվում է ձեր շահերի սպասարկման վրա. կրթության որակի բարձրացում, գիտահետազոտական աշխատանքների ակտիվացում, աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդում, կրթական միջավայրի արդիականացում և բազում այլ ծրագրերի իրականացում, որոնց վերջնարդյունքը բազմակողմանի գիտելիքներով, գործնական հմտություններով, զարգացման հստակ նպատակներով, պետության և երկրի ապագայի համար արժանի սերունդ կրթելն է:
Վստահ եմ, որ դեռ շատ անելիքներ ունենք, բայց կարևոր է, որ մեկնարկն արդեն տրված է, և բարեփոխումների ընթացքն անկասելի է: «Մենք փոխվում ենք» նպատակաուղղված քայլերով, և ես ուրախ եմ այս դժվար ճանապարհին ձեր աջակցությունը տեսնելու համար: Ուրախ եմ, որ մեր աչքի առաջ հասակ է առնում գրագետ, նպատակասլաց, զարգացող, բազմակողմանի հետաքրքրություններ ունեցող մի բացառիկ սերունդ, որը վաղվա ապավենն է:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, սիրելի ուսանողներ, մաղթում առողջություն, երջանկություն, բարի նպատակների իրականացում, կենսունակ ծրագրերի իրագործում: Առաջ շարժվեք այն գիտակցմամբ, որ դուք կարող ուժ եք, ում վստահված է մեր սիրելի երկրի վաղվա օրը:
Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր
ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ