Տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 1254

2014-2015 ուսումնական տարում ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատ է ընդունվել 994 դիմորդ, առկա ուսուցման մագիստրատուրա է ընդունվել 582 դիմորդ, հեռակա ուսուցման բակալավրիատ է ընդունվել 354, հեռակա ուսուցման մագիստրատուրա՝ 431 դիմորդներ: Այս մասին այսօր տեղի ունեցած գիտական խորհրդի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը՝ ներկայացնելով 2014-2015 ուսումնական տարվա ընդունելության արդյունքները: Պրոռեկտորը նշեց, որ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը, որ աշխատել է մայիսի 5-ից նոյեմբերի 1-ը, գործել է ՀՀ ԿԳՆ հաստատած կանոնակարգի պահանջներին համաձայն, հանձնաժողովականներն աշխատել են բարեխղճորեն և որևէ դիմորդի կամ ծնողի կողմից բողոք չի եղել: Գիտխորհուրդը ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի աշխատանքը գնահատեց բավարար:

Պարույր Քալանթարյանը ներկայացրեց նաև «Կրթական ծրագրեր մշակելու ուղեցույցը քննարկելու և հաստատելու մասին» հարցը՝ նշելով, որ կրթական ծրագրերի մշակման համար ներկայացվող ուղեցույցը նոր ձևաչափ է, մշակվել է եվրոպական կրթական չափանիշներին համապատասխան, արժանացել է միջազգային փորձագետների հավանությանը: Պրոռեկտորի ներկայացմամբ՝ կրթական ծրագրերի մշակման  առանցքը, ըստ ներկայացվող ձևաչափի, հետևյալն է՝ կրթական ծրագրերը կազմելիս վերջնարդյունքը համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին: Դեկտեմբերի 2-րդ կեսին ամբիոնների վարիչների հետ հարցի շուրջ կսկսվեն խորհրդատվություններ: Գիտխորհուրդը քվեարկությամբ հաստատեց նաև այս հարցը:

Մրցութային հանձնաժողովի նախագահ Սուրեն Գևորգյանը ներկայացրեց հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նելլի Շահնազարյանին և մակոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., պրոֆեսոր Իշխան Տիգրանյանին թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարներ նշանակելու թույլտվության մասին ԲՈՀ-ին միջնորդելու մասին հարցերը, որոնց գիտխորհուրդը կողմ քվեարկեց: Փակ գաղտնի քվեարկության դրվեցին տնտեսագիտության թեկնածուներ Թադևոս Ավետիսյանին,  Մուշեղ Հովհաննիսյանին, Լիլիթ Քոլյանին, Լևոն Սահակյանին և ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Հակոբ Կյոկչյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու համար ԲՈՀ-ին միջնորդելու հարցերը: Գիտխորհուրդը քվեարկությամբ հաստատեց ներկայացված հարցերը:

Գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց գիտխորհրդին կից համահամլսարանական մրցութային հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին հարցը, որը քվեարկությամբ հաստատվեց: Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց «ՀՊՏՀ գործունեության բարելավման գործողությունների պլանը և գործունեության բարելավման գործողությունների ժամանակացույցը հաստատելու մասին» հարցը՝ ներկայացնելով, որ համալսարանը, հավատարմագրման գործընթացում ներգրավելով, անցած տարի կատարել և ՈԱԱԿ է ներկայացրել բուհի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն, որից հետո համալսարան են այցելել փորձագետներ, կատարված աշխատանքին տվել եզրակացություն, որի հիման վրա կազմվել է համալսարանի գործունեության բարելավման պլան: Պրոռեկտորի խոսքով՝ ներկայացվող փաստաթղթի իրագործման հիման վրա համալսարանը պետք է անցնի հավատարմագրում, իսկ գործընթացի իրագործումը ծավալուն աշխատանք է, առանձնացված են 35 կարևորագույն նպատակներ, նախատեսվում են 100-ից ավելի գործողություններ, տասնյակ կանոնակարգերի և փաստաթղթերի մշակում: Պարույր Քալանթարյանի խոսքով՝ գործողությունների պլանում առանցքային են համալսարանի ռազմավարական պլանի, կրթական ծրագրերի մշակման, ինչես նաև գիտահետազոտական աշխատանքներում ֆինանսական արտաքին աղբյուրներ ներգրավելու հարցերը: Ներկայացված  հարցը հաստատվեց:

Գիտխորհուրդը քննարկեց և հաստատեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին