Այսօր երիտասարդության միջազգային օրն է. երիտասարդության ներուժը գնահատում են ՀՊՏՀ դեկանները
Նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը: Տոնը սահմանվել է 1945թ. և նշանավորվում է նրանով, որ 1945թ. հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը: Այն նպատակ էր հռչակել պայքարել հանուն խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության և երիտասարդների քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների պահպանման՝ համախմբելով տարբեր երիտասարդական կազմակերպությունների։
Տոնի առիթով ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցել է մեր բուհի 6 ֆակուլտետների դեկանների հետ, ովքեր գնահատել են երիտասարդության, մասնավորապես, իրենց ֆակուլտետների երիտասարդների ներուժը, նրանց հղել բարեմաղթանքներ: Դեկանները բարձր են գնահատում ուսանողների, ուսանողական խորհուրդների հասարակական ակտիվությունը թե' բուհի ներսում, թե' բուհից դուրս: Նրանցից շատերը կոչ են անում երիտասարդներին ճիշտ օգտագործել կյանքի լավագույն տարիները, շատ ժամանակ հատկացնել ուսմանը:
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը իր ֆակուլտետի երիտասարդությանը բնութագրեց ակտիվ, պատրաստակամ, նախաձեռնող: Դեկանը կարծիք հայտնեց, թե երիտասարդության համախմբվելու ունակությունը շատ մեծ է, ներուժը բարձր է: « Առաջվա համեմատ, այսօրվա երիտասարդությունը դրական առումով շատ է փոխվել, նրանք ակտիվ են, իրենց իրավունքների ու շահերի համար պայքարող ու հետևողական, ինչը բավականին գովելի է»,-նշեց Թաթուլ Մկրտչյանը՝ ընդգծելով՝ ցանկանում է, որ երիտասարդներն անտարբեր չլինեն իրենց ուսման, շրջապատում կատարվող երևույթների նկատմամբ: «Մեծ է երիտասարդների դերը, և նրանք շատ բան կարող են անել. երիտասարդ տարիների կուտակածն է, որ հետո վայելում են, ուստի, պետք է խելամիտ լինել»,- ասաց դեկանը:
Կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը նշեց, որ ի տարբերություն իր ժամանակի երիտասարդության՝ այսօրվա երիտասարդությունը շատ ազատ է, համարձակ:
«Շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին, մեր ուսանողներին: Ուզում եմ նշել, որ ունենք հիանալի երիտասարդություն, և նրանց գերակշիռ մասը սրտացավ է մեր երկրի, քաղաքի, հասարակության հիմնախնդիրների նկատմամբ: Մեր դեկանատը մշտապես կապի մեջ է ֆակուլտետի ուսանողական խորհրդի հետ և ցանկանում եմ նշել, որ ՈւԽ նախագահ Հայկ Գրիգորյանի օգնությամբ քննարկվում են ֆակուլտետում առկա բոլոր խնդիրները, ուսանողությանը հուզող հարցերը: Շատ մեծ է բուհում երիտասարդների դերը՝ ուսումնական, կազմակերպական հարցերի լուծման գործում: Երիտասարդությունը մեծ կշիռ ունի»,-հավաստիացրեց Միքայել Թավադյանը:
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում երիտասարդները շարժիչ ուժ են, կյանք ու եռանդ ներշնչող. այսպես է ասում դեկան Աշոտ Մաթևոսյանը:
«Երբ որ ուսանողներն արձակուրդում են լինում և ֆակուլտետում լսարանները որոշ ժամանակ դատարկ են լինում, ես շատ եմ տխրում, որովհետև այն ոգևորությունը, այն մեծկենսախնդությունը, էներգիան, որ նրանք են փոխանցում, պակասում է: Իմ ֆակուլտետի երիտասարդության մեջ գնահատում եմ մարդկային որակները, սրտացավությունը, ինչը ամենակարևորն է մարդու մեջ: Մեր ուսանողները միշտ պատրաստ են օժանդակելու մեզ կազմակերպչական, ուսումնական գործընթացը բարելավելու հարցերում: Ուրախալի է տեսնել, որ երիտասարդները մեծ դեր ունեն պետականաշինության գործում, ձևավորվում են որպես հասարակական ակտիվ գործիչներ: Իմ ֆակուլտետում ունեմ հիանալի երիտասարդներ՝ Վիգեն Հարությունյան, Դավիթ Պետրոսյան, Ռուզաննա Մուրադյան, Անի Բավոյան: Հաջողություն, անամպ երկինք ու երջանկություն եմ մաղթում մեր երիտասարդներին», -ասաց Աշոտ Մաթևոսյանը:
ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօրվա երիտասարդության մասին երկար կարելի է խոսել, սակայն ինքը ցանկանում է որպես դրական հատկանիշ գովել նրանց նպատակասլացությունը՝ ուսման և կարիերայի, ակտիվ կենսադիրքորոշում ցուցաբերելու, պահանջկոտ լինելու հարցերում:
Նշված որակը, ըստ դեկանի, օգնում է ֆակուլտետի ղեկավարությանը մի շարք ծրագրեր իրագործելիս, ինչը երիտասարդների շահերի վրա դրական է անդրադառնում:
«Ողջունելի է մեր երիտասարդների ներգրավվածությունը բուհական, հանրապետական, միջազգային բազմաբնույթ միջոցառումներում (սպորտային խաղեր, ինտելեկտուալ մրցույթներ, հանրային կարևոր նշանակություն ունեցող իրադարձություններ): Այսօրվա երիտասարդները աշխույժ են, ազգային, միաժամանակ, բաց՝ այլ ազգերի հետ շփումներում, կարիերայի հարցում՝ հետևողական: Շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին»,- նշեց Ատոմ Մարգարյանը:
Ֆինանսական ֆակուլտետի դեկանի ժ/պ Վահե Միքայելյանը ասաց, որ ինչպես շատերի, այնպես էլ իր հույսը երիտասարդներն են: «Հզոր ներուժ կա մեր երիտասարդության մեջ, և նրանք ի զորու են ապագան կերտելու: Ցանկանում եմ նշել, որ մեր սերունդը խնդիր ունի հայրենիքը ճանաչելու. լավ կլիներ, որ լրացվեր այս բացը: Ինչ վերաբերում է մեր ֆակուլտետի երիտասարդությանը, նշեմ, որ շատ ակտիվ են բոլոր հարցերում, կազմակերպչական մեծ ջիղ ունեն և մշտապես օժանդակում են մեզ»:
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանն ասաց, որ իր ֆակուլտետի երիտասարդները հստակ նպատակ են իրագործում՝ գիտակցելով, որ ընտրել են արդիական մասնագիտություն և վաղը աշխատաշուկայում մրցունակ են լինելու: «Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում երիտասարդները ողջունում են բուհի ղեկավարության ծրագրերը՝ ուղղված ուսանողների շահերի պաշտպանությանը և մշտապես պատրաստակամ են՝ օգնելու մեզ կազմակերպչական հարցերում»,-նշեց Մանուկ Մովսիսյանը:
Սիրելի' երիտասարդներ, հուսով ենք, ձեր դեկանների բարեմաղթանքները մեկ անգամ ևս կպարտավորեցնեն ձեզ՝ ժամանակն արժևորելու, երիտասարդությունը գնահատելու: Շնորհավորում ենք, մաղթում բարի երթ կյանքի ճանապարհին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին