ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը հաղթել է ՀՊՃՀ թիմին և դուրս է եկել եզրափակիչ

Դիտումների քանակ՝ 982

Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվող ֆուտզալի մրցումներում այսօր կիսաեզրափակիչ խաղում ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը հաղթանակ է տարել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի թիմի նկատմամբ՝ 5:0 հաշվով և դուրս եկել եզրափակիչ: Այս մասին մեզ տեղեկացրեց  ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը:

Նշենք, որ վաղը՝ նոյեմբերի 8-ին, ժամը 17.00-ին, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը եզրափակիչ խաղում կմրցի Սլավոնական համալսարանի թիմի հետ: Խաղի ընթացքին հետևելու և ՀՊՏՀ-ականներին քաջալերելու են հրավիրվում բոլոր ֆուտբոլասերները:

Հիշեցնենք, որ Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին