ՀՊՏՀ մագիստրանտն արժանացել է քաղծառայողի հավաստագրի

Դիտումների քանակ՝ 1471

ՀՊՏՀ անշարժ գույքի գնահատում մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Աիդա Մխիթարյանը մասնակցել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից անցկացվող մրցույթին և ստացել է հավաստագիր, որով իրավունք է ստանում զբաղեցնելու քաղաքացիական ծառայողի կրտսեր պաշտոն: Մեր ուսանողուհին, հաղթահարելով գրավոր թեստը, հնարավոր 50 միավորից վաստակել է 50-ը՝ արձանագրելով բացարձակ արդյունք: Աիդա Մխիթարյանին հավաստագիրը հանձնել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Աիդա Մխիթարյանը նշեց, որ ավարտել է Տնտեսագիտական համալսարանի հողագույքային հարաբերություններ մասնագիտության բակալավրիատը և  ցանկանում է աշխատել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: Դասախոսների խորհրդով Աիդան դիմել է քաղծառայողի հավաստագիր ստանալու համար անցկացվող մրցույթին և արձանագրել փայլուն արդյունք:

«Պետք է նշեմ, որ մրցույթին մասնակցելիս ինձ շատ են օգնել բուհում ստացած գիտելիքներս, մասնավորապես օրենսդրական ակտերի իմացությունը: Քանի որ արդեն մի քանի ամսից ավարտելու եմ մագիստրատուրան, հետաքրքրված եմ կարիերաս սկսելու խնդրով: Մասնագիտական աշխատանքի փնտրտուքների ճանապարհին ինձ կողմնորոշեցին դասախոսներս՝ Արմեն Ռուբենյանը և Արայիկ Հարությունյանը, որոնց  խորհրդով դիմեցի այս մրցույթին և ձեռք բերեցի հավաստագիր: Այժմ պետք է  հետևեմ համապատասխան թափուր աշխատատեղերի հայտարարություններին և մասնակցեմ մրցույթների. կարծում եմ՝ աշխատանքի անցնելու գործում հավաստագիրս շատ կօգնի: Ձեռք բերած մասնագիտական գիտելիքներիս համար հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել դասախոսներիս և բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանին»,-ասաց ուսանողուհին:

Նշենք, որ այս մրցույթին մասնակցել են ավելի քան հարյուր մասնակիցներ, որոնցից միայն ՀՊՏՀ ուսանողուհին է վաստակել առավելագույն միավոր:

Շնորհավորում ենք Աիդա Մխիթարյանին, մաղթում կանաչ ճանապարհ՝ կարիերայի կերտման ճանապարհին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին