Տնտեսագիտական համալսարանի թիմը ֆուտզալի առաջնության չեմպիոն է

Դիտումների քանակ՝ 1136

Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում նոյեմբերի 8-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մարզադահլիճում կայացել է ֆուտզալի առաջնության եզրափակիչ խաղը, որտեղ մրցել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և  Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի թիմերը: ՀՊՏՀ հավաքականը հերթական հաջող խաղում հաղթանակ է արձանագրել՝ 5:2 հաշվով և հռչակվել առաջնության չեմպիոն:

Առաջնության 3-րդ տեղը զբաղեցրել է  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի թիմը: Նշենք, որ ֆուտզալի առաջնությունը մեկնարկել էր նոյեմբերի 3-ին:

Այս մրցումներով ավարտվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնակցությունը Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերին: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը՝ բարձր գնահատելով մեր թիմի մասնակցությունը խաղերին: «Ընդհանրապես այս տարվա ուսանողական մարզական խաղերին ՀՊՏՀ-ն բարձր մակարդակի մասնակցություն ունեցավ, ինչի արդյունքում ունեցանք և՛ առաջին մրցանակակիրներ, և՛ երկրորդ, և՛ երրորդ՝ տարբեր մարզաձևերից: Արձանագրված արդյունքները նույնպես խոսում են մեր տղաների պրոֆեսիոնալիզմի մասին: Իհարկե, կան մարզաձևեր, որոնց ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնը՝ ավելի ուժեղացնելու համար, բայց հատկանշական է, որ մենք, լինելով տնտեսագիտական բուհ, կարողանում ենք ունենալ մարզական հաջղություններ այնպիսի առաջնություններում, որտեղ ընդգրկված են նաև մասնագիտական բուհեր: Ինչ վերաբերում է ֆուտզալին, ապա հիանցմունքով պետք է նշեմ, որ մեր ֆուտզալի հավաքականը տարիներ շարունակ գտնվում է բարձունքում, ասածիս վառ ապացույցն այն է, որ այս ամսվա 22-ին մեկնարկում է ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությունը, որին մասնակցելու ենք նաև մենք: Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում նորանոր ձեռքբերումներ: Համոզված եմ, որ սա նոր հաղթանակների սկիզբն էր»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերը կազմակերպել են  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Ուսանողական մարզական խաղերում  ընդգրկված է  11 մարզաձև, մասնակցում են 20  բուհերի 3000 ուսանողներ: Հաղթողները եռօրյա հանգիստ կանցկացնեն Ծաղկաձորում, որտեղ կկայանա լավագույն ուսանող մարզիկների մրցանակաբաշխությունը:

Շնորհավորում ենք ՀՊՏՀ հավաքականին, մարզիչներին, մաղթում ենք մարզական նոր բարձունքներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին