ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն ընդունեց ՀՀ Կենտրոնական բանկի կազմակերպած միջբուհական բանավիճային մրցույթի հաղթողներին

Դիտումների քանակ՝ 1346

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց ՀՀ Կենտրոնական բանկի կողմից «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում այս տարի կազմակերպված միջբուհական բանավիճային մրցույթի հաղթող ՀՊՏՀ թիմի անդամներին, ինչպես նաև  ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանին և ուսխորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանին:

Մրցույթի  նպատակն է երիտասարդների շրջանում ավելացնել ֆինանսական տարաբնույթ թեմաների վերաբերյալ գիտելիքները, ինչպես նաև բանավիճային քննարկումների միջոցով նրանց մոտ զարգացնել նույն ֆինանսական խնդիրը  տարբեր տեսանկյուններից դիտարկելու ունակությունը: Մրցաշարերի ընթացքում քննարկվել են անձնական ֆինանսների կառավարման հետ կապված այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` վարկ վերցնելը, խնայողություններ կատարելը և այլն:

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահության կողմից մրցույթին մասնակցելու համար ձևավորված ՀՊՏՀ թիմը հետևյալ կազմով է՝  կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Կարապետյան (թիմի ավագ), ասպիրանտներ Հարություն Արզումանյան,  Հայկ Բեջանյան, Գրիշա Ամիրխանյան:

Թիմի ավագը համալսարանի ռեկտորին ներկայացրեց մրցույթի էությունը, նպատակները, մրցույթի ընթացքը՝ նշելով, որ ՀՊՏՀ թիմը մրցել է 6 համալսարանների թիմերի հետ և արդյունքում տոնել հաղթանակ: Իսկ թիմի անդամ, ՀՊՏՀ ասպիրանտ Հարություն Արզումանյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն հռետոր» անվանակարգում: Թիմի անդամներին ներկայացրեց նաև ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Սերգեյ Խառատրյանը, իսկ պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը հույս հայտնեց, որ թիմում ընդգրկված ասպիրանտները, որ վաղը դառնալու են դասախոսական անձնակազմի անդամ, աչքի կընկնեն իրենց գիտելիքներով:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը համալսարանի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի և ուսանողների անունից շնորհավորեց ՀՊՏՀ թիմին՝ հաղթանակի առիթով, ապա ավելացրեց, որ ՀՊՏՀ ուսանողների հաջողությունները ոգևորիչ են: «Մեզ համար ուրախալի ու ոգևորիչ են մեր ուսանողների հաջողությունները, որոնք արձանագրվում են տարբեր ոլորտներում: Համալսարանը միայն գիտելիք ստանալու վայր չէ, այստեղ մարդը կրթվում և հղկվում է համակողմանիորեն, ինչը մեր երկրի վաղվա հուսալի ապագայի երաշխիքն է:

Հաճելի է, երբ տարբեր առիթներով և տարբեր վայրերում մարդիկ մատնանշում են մեր բուհի հաջողությունները, ինչը նշանակում է, որ մեր համալսարանի հեղինակությունը բարձր է»,- ասաց Կորյուն Աթոյանը՝ ուսանողներին մաղթելով հետագա հաջողություններ:

Նշենք, որ ՀՊՏՀ հաղթանակած թիմի անդամներին երեկ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը պարգևատրել է պատվոգրերով և Կենտրոնական բանկի  «Սարդարապատ» արծաթե հուշամեդալներով:

Հիշեցնենք, որ մեր թիմի հաղթանակին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն անդրադարձել էր օրերս. հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://goo.gl/1ex5CK:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին