«Ամբերդում» հետազոտվում են ՀՀ տարածքային համաչափ զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները

Դիտումների քանակ՝ 1952

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի խորհրդակցությունների սրահն այսօր հյուրընկալել էր «ՀՀ  տարածքային համաչափ զարգացման սոցիալ- տնտեսական հիմնախնդիրները» հետազոտական ծրագրի կատարողներին.  սույն ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «ՀՀ տարածքային զարգացման համահարթեցման մոդելները և կլաստերների ձևավորման հիմնախնդիրները »խորագրով գիտական սեմինար: Օրվա բանախոսներն էին տ.գ.թ., դոցենտներ  Կարեն Հակոբյանը և Նարեկ Կեսոյանը: ՀՀ մարզերի 2012թ. սոցիալ-տնտեսական  որոշ փոփոխականներ, դրանց առնչվող ցուցանիշների (բնակչության զբաղվածության, աղքատության, գործազրկության և այլ գործակիցներ), JR  չափանիշների էականության գնահատումը, ՀՆԱ-ի կառուցվածքային տեղաշարժերի և կառուցվածքային տարբերությունների հաշվարկման տվյալները, փոխատեղված գործոնների մատրիցը, ՀՀ մարզերի  գործոնային վերլուծությունները և հետազոտական այլ տվյալներ ներկայացրեց Կարեն Հակոբյանը:

Նարեկ Կեսոյանը խոսեց «Տարածաշրջանային անհավասարությունը և ապակենտրոնացումը. էմպիրիկ վերլուծություն» թեմայի մասին. անդրադարձ կատարվեց  վարիացիայի գործակցին, ճշգրտված Ջինիի գործակցին, ներկայացվեց ՀՀ տարածաշրջանային անհավասարությունը՝ ըստ տարբեր ցուցանիշների, ցույց տրվեց մեկ շնչին ընկնող մարզային ՀՆԱ-ի ցրվածքի դինամիկան, Ջինիի գործակցի և տնտեսական աճի միջև  ռեգրեսիոն կապը, հանրապետական միջինից մարզերի մեկ շնչին ընկնող ՀՆԱ շեղումները 2000-2013թթ. և այլն:

Նշված հետազոտական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանը:

Բանախոսները և հետազոտական խմբի անդամները պատասխանեցին ներկաների հարցերին:

Նշենք, որ ըստ նախատեսվածի՝ հետազոտական ծրագրերի վերջնարդյունքները կներկայացվեն տարեվերջին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին