ՀՊՏՀ թիմը ՀՀ Կենտրոնական բանկի կազմակերպած միջբուհական բանավիճային մրցույթի հաղթող է

Դիտումների քանակ՝ 1208

Հոկտեմբերի 31-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված միջբուհական բանավեճերի եզրափակիչ խաղը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը, որը մրցում էր Հայ- ռուսական (Սլավոնական) համալսարանի թիմի հետ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հատուկ ֆինանսական ոլորտի ծառայություններ սպառողների համար ստեղծված կայքից (abcfinance.am) :

Տնտեսագիտական համալսարանի թիմն ընտրվել է  բուհի ուսանողական խորհրդի նախագահության կողմից, թիմի կազմն է՝  կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Կարապետյան (թիմի ավագ), ասպիրանտներ Հարություն Արզումանյան,  Հայկ Բեջանյան, Գրիշա Ամիրխանյան:

Հայկ Բեջանյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց, որ ուսանողական խորհրդի թիմը, որ ձևավորվել էր հատուկ այս մրցաշարին մասնակցելու համար, բավականին ուժեղ էր ու ներկայանալի:

«Թիմի անդամները բարձր առաջադիմությամբ սովորողներ են և դա մեծապես նպաստեց մեր հաղթանակին: Խաղում կարևոր էր թե' ինտելեկտը, թե' համոզիչ, սահուն խոսքը, թե' բանավոր հաղորդակցության մի շարք հմտություններ: Ժյուրին տպավորված էր մեր թիմի խաղից, ժյուրիի անդամներից մեկը  նույնիսկ մի միտք արտահայտեց, թե շատ կցանկանար իր աշխատակազմում ունենալ մեզ նման աշխատողներ: Նշեմ, որ վաղը՝ նոյեմբերի 4-ին, նախատեսվում է պարգևատրման արարողությունը»,-փոխանցեց ասպիրանտը:

Շուրջ մեկամսյա տևողությամբ բանավեճի ընթացքում ՀՊՏՀ թիմն արձանգրել է հիանալի արդյունք՝ հաղթանակ տանելով  բոլոր մրցավեճերում:

Նշենք, որ մրցաշարին մասնակցել են 6 բուհերի՝  Հայաստանում Ֆրանսիական, Հայկական պետական մանկավարժական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Հայ-Ռուսական (Սլավոնական), Հայաստանի ազգային ագրարային համալսարանների թիմերը:

abcfinance.am կայքի փոխանցմամբ՝ միջհամալսարանական բանավեճերի մրցաշարը, որը «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում անցկացվում էր առաջին տարին, նպատակ ուներ երիտասարդների շրջանում ավելացնել ֆինանսական տարաբնույթ թեմաների վերաբերյալ գիտելիքները, ինչպես նաև բանավիճային քննարկումների միջոցով նրանց մոտ զարգացնել նույն ֆինանսական խնդիրը  տարբեր տեսանկյուններից դիտարկելու ունակությունը: Մրցաշարերի ընթացքում քննարկվել են անձնական ֆինանսների կառավարման հետ կապված այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` վարկ վերցնելը, խնայողություններ կատարելը և այլն:

Շնորհավորում ենք ՀՊՏՀ թիմին, մաղթում՝ նոր նվաճումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին