Բիզնեսի սոցիալական կորպորատիվ պատասխանատվության և կրոն-բիզնես փոխհարաբերությունների հետ կապված հարցերը՝ «Ամբերդի» ընթացիկ սեմինարում
«Բիզնեսի բարոյականության և սոցիալական պատասխանատվության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտական ծրագրի շրջանակներում «Ամբերդում» այսօր կայացավ գիտական սեմինար՝ «Բիզնեսմենի բարոյական նկարագրի գնահատման բաղադրիչները: Բիզնեսի վարման վարվելակարգի (էթիկետի) և վարքականոնի հիմնական սկզբունքները» խորագրով: Հետազոտական խմբի ղեկավար, ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, փ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սարգսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ նախորդ սեմինարից հետո խումբը փորձել է ավելի շատ աշխատել կիրառական-գործնական ուղղությամբ և աշխատանքում ավելացրել է նոր ՝ «Բիզնեսի վարման մշակույթ» գլուխը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես պետք է գեղեցիկ վարել բիզնեսը:
Սեմինարի բանախոսներն էին փ.գ.թ., դոցենտներ Մարիետա Նիկողոսյանը և Յուրի Հովականյանը: Մարիետա Նիկողոսյանը խոսեց «Բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» եզրույթի մասին, ապա անդրադարձավ բարեգործություն երևույթին, բացատրեց այն նաև հոգեբանական տեսանկյունից: Խոսվեց Լազարյաններ, Գյուլբենկյան, Մանթաշյան բարեգործների և բարեգործական մի շարք հիմնադրամների մասին: Բանախոս Յուրի Հովականյանը ներկայացրեց «Կրոնը և բիզնեսը» թեման, խոսեց 3 համաշխարհային կրոնների պատկանող հանրույթում բիզնեսի ընկալման մասին: Ինչպիսի՞ն է քրիստոնեության, մահմեդականության, արևելյան կրոնների, հրեականության մոտեցումը բիզնես երևույթին. այս հարցերի պատասխանները ուշագրավ օրինակներով համեմած ներկայացրեց դոցենտ Յուրի Հովականյանը: Վերջինս կարծիք հայտնեց, թե հրեական և հայկական բիզնեսները շատ նմանություններ ունեն, մասնավորապես, նման են բիզնեսին առնչվող բարոյական նորմերը, այդուհանդերձ, մեծ են նաև տարբերությունները: Անդրադարձ կատարվեց արևելյան մենեջմենթին:
Հանդիպման ավարտին Արամ Սարգսյանն ասաց, որ սեմինարների մասն այսպիսով ավարտված է, շնորհակալություն հայտնեց քննարկումների համար և տեղեկացրեց , որ հետազոտական խումբը շարունակում է աշխատանքը՝ հետազոտության վերջնարդյունքը ներկայացնելու համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին