«Տնտեսագետը» լույս է տեսել. 40 տարում 695 համար

Դիտումների քանակ՝ 1782

«Տնտեսագետի» նոր համարի շապիկը համեստաբար հուշում է՝ ամսագրի ծննդյան տասնամյակներում մի նոր հանգրվան է. սեպտեմբերի 20-ին այն բոլորեց իր 40-ամյակը: Էջ 11-ում ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորում է ինչպես ամսագրի, այնպես էլ հայ մամուլի բոլոր աշխատակիցների տոնը:

ՀՀ անկախության տարեդարձն ամեն տարի հարուստ ու բազմաբովանդակ անդրադարձ է ստանում մեր ամսագրում: Հերթականը՝ 26-րդը, նույնպես  նշվում է՝ արծարծելով երիտասարդ սերնդին հայրենասիրության, պետականաշինության ու քաղաքացիական բարձր գիտակցությամբ դաստիարակելու անհրաժեշտությունը, իսկ ՀՊՏՀ հյուրն է ՀՀ ՊՆ փոխնախարարը:

Իհարկե, հիմնական թեմատիկ շղթայում ուսումնական տարեսկիզբն է, առաջին կուրսեցիները, ռեկտորի հետ նրանց հանդիպումը, ուսման արժևորման ու արդյունավետ ուսուցման հիմնահարցերը:

Ամսագրի աշնանային թողարկումը ներկայացնում է նաև ՀՊՏՀ-ի և ՀՀ Ազգային ժողովի միջև վավերացված համագործակցությունը, ՀՊՏՀ և ԱրՊՀ նախաձեռնությամբ Արցախում տեղի ունեցած «Բարձրագույն կրթություն. հիմնախնդիրներ և հեռանկարներ» աշխատաժողովը: Այնուհետև ամառային բովանդակաշատ հանգստի մասին է պատմում «Դիլիջանյան ամառ» խորագիրը:

Այս համարն առավել ընդարձակ է անդրադառնում մեր համալսարանի միջազգայնացմանը և այդ համատեքստում՝ մի քանի առանցքային ուղղության՝ ՀՊՏՀ-ՃՇՀԱՀ-Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան, «Էրազմուս+», ՀՊՏՀ-ՈՒՄԵՖ:

«Անվանի տնտեսագետներ» խորագիրը վերհուշ է սիրված մանկավարժ ու բանիմաց գիտնական Լիպարիտ Թամազյանի մասին:  Տնտեսական նորություններով կրկին հարուստ է դոցենտ Սամվել Գրիգորյանի «Տնտեսական խճանկարը»:

Աշխարհահռչակ հայանուն բրենդերից մեկը՝  «Դիդիե Փարաքյանն» է ներկայացված «Համաշխարհային բրենդ»  խորագրում: «Լրահոս»-ում կրկին խտացված են համալսարանական իրադարձությունները:

«Մեր շնորհալիների» հերոսը ՀՊՏՀ լավագույն ուսանող Անդրանիկ Մանուկյանն է, «Մշտադիտարկում» խորագիրը ներկայացնում է ֆինանսական շուկաների հունիս-սեպտեմբերյան զարգացումները:

«Տնտեսագետի» տեսադաշտում է Նոբելյան նոր դափնեկիրը և նրա ուսումնասիրությունների ոլորտը:

Վերծանելով արվեստի գաղտնագրերը՝ մեր ընթերցողը հետաքրքրական մանրամասներ կիմանա Աշտարակի սուրբ Մարիանե եկեղեցու և սուրբ նահատակ Մարիանեի մասին:

Ամսագիրն արդեն բաշխված է, իսկ էլեկտրոնային տարբերակը ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) է. ծանոթացեք հետևյալ հղումով՝  media.asue.am/upload/tntesaget/2017/TERT_2017_4.pdf:

Մաղթում ենք հաճելի ընթերցում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին