Բաց քննարկում՝ կրիպտոարժույթների դերի, առավելությունների ու թերությունների մասին
Բիզնեսի կազմակերպում մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներն այսօր քննարկեցին ժամանակակից բիզնեսում կրիպտոարժույթների դերը: Միջոցառմանը ներկա էին կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Միքայել Մարդումյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Դասախոս, տ.գ.թ., ասիստենտ Գուրգեն Օհանյանը, ողջունելով մասնակիցներին, հիմնավորեց թեմայի ընտրությունը, նշեց, որ կրիպտոարժույթներով գործարքներ կատարելը շահավետ է ժամանակակից բիզնեսում:
Կողմ և դեմ խմբերի բաժանված մագիստրանտները ներկայացրին փաստարկներ՝ ինչու պետք է օգտվել կրիպտոարժույթներից կամ հակառակը: Հընթացս Գուրգեն Օհանյանը հանդես էր գալիս ավելի հանգամանալից պարզաբանումներով: Ընդհանուր առմամբ, ունկնդիրների ուշադրությանը ներկայացվեց կրիպտոարժույթների էությունը, դասական արժույթների նկատմամբ դրանց տարբերությունները, առավելություններն ու թերությունները:
Կրիպտոարժույթը թվային արժույթ է, որը կրճատում է ժամանակն ու տարածությունը՝ հնարավորություն տալով առանց 3-րդ կողմի առևտուր անել աշխարհի ցանկացած կետից. սա ներկայացված ձևակերպումներից մեկն է:
Ժամանակի ու տարածության կրճատումը ժամանակակից բիզնեսում կարևոր դերակատարում ունի և այս տեսանկյունից կրիպտոարժույթները խրախուսելի են: Ուսանողները մանրամասն խոսեցին առաջին կրիպտոարժույթի՝ բիթքոինի, ապա բլոկչեյն տեխնոլոգիայի մասին, որի միջոցով տեղի է ունենում կրիպտոարժույթների փոխանցումը: Թերությունները վերհանելիս հիմնականում նշվեց, որ այս արժույթները պաշտպանված չեն հակերային հարձակումներից, վիրուսներից:
Քանի որ թեման համեմատաբար նոր է և ունկնդիրներից շատերը բավարար չափով տեղեկացված չէին կրիպտոարժույթների մասին, քննարկումը կրեց ավելի շատ տեղեկատվական բնույթ: Մեզ հետ զրույցում Միքայել Մարդումյանն ասաց, որ իրենց ամբիոնը ողջունում է մագիստրանտների մասնակցությամբ մասնագիտական արդի թեմաներով հետազոտություններն ու քննարկումները, և դրանք շարունակական բնույթ ունեն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին