«Էրեբունի-Երևան 2796» -ին նվիրված ՀՊՏՀ ՈՒԽ միջոցառումները եզրափակվեցին ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում
ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների նախաձեռնությամբ ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում այսօր կայացավ երաժշտական ցերեկույթ, որը նվիրված էր մայրաքաղաքի տարեդարձին: Ցուցադրվեց Էրեբունի-Երևանին նվիրված տեսանյութ, որին զուգահեռ ներկայացվեց Էրեբունի ուրարտական քաղաքի հիմնադրման պատմությունը, փաստեր՝ Երևան քաղաքի նոր հատակագծի կառուցման, Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կյանքի մասին: ՀՊՏՀ շնորհալի ուսանողները ցերեկույթի ընթացքում կատարեցին «Ամեն բացվող առավոտ», «Հեյ ջան, Երևան», «Երևան դարձած իմ Էրեբունի» երգերը, ցուցադրեցին «Երևանյան վալս» պարը: Դահլիճը լի էր ուսանողների ծափողջույններով, «Բրավո» վանկարկումներով:
Մինչ դահլիճի հանդիսությունը ՀՊՏՀ բակում փոքրիկ հյուրասիրություն էին կազմակերպել հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողները՝ փորձելով ստեղծել Էրեբունի-Երևանի մթնոլորտը: Հյուրասիրությանը մասնակցեցին նաև ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը և փոխդեկան Սոնա Ղազարյանը: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողուհի Ռուզաննա Մուրադյանը՝ իրենց ֆակուլտետի կողմից գեղեցիկ ավանդույթ է դարձել հարազատ բուհի բակում մայրաքաղաքի տոնին նվիրված հյուրասիրության կազմակերպումը:
Այսպիսով, եզրափակվեցին «Էրեբունի-Երևան 2796» -ին նվիրված ՀՊՏՀ ՈՒԽ կազմակերպած միջոցառումները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին