Հայտնի է դարձել 2014 թ. տնտեսագիտության բնագավառի Նոբելյան մրցանակակիրը

Դիտումների քանակ՝ 964

2014 թվականի տնտեսագիտության բնագավառի  Նոբելյան մրցանակն այսօր շնորհվել է  ֆրանսիացի  գիտնական, Թուլուզի Սոցիալական  գիտությունների  համալսարանի Արդյունաբերության տնտեսագիտության ինստիտուտի գիտական  ղեկավար  Ժան Տիրոլին:  Ինչպես  հաղորդում է Նոբելյան կոմիտեի պաշտոնական կայքը (www.nobelprize.org)՝ Տիրոլը  մրցանակին արժանացել է «շուկայական իշխանության վերլուծության և  կարգավորման համար»: Նոբելյան կոմիտեի  գնահատմամբ՝  Տիրոլի  աշխատությունները  ցույց են տալիս,  թե  ինչպես  կարգավորել  այն  ոլորտները,  որտեղ  գերիշխում են մի քանի  խոշոր  ընկերություններ: «Նման  շուկաներում կարգավորման բացակայությունը հանգեցնում է անցանկալի սոցիալական հետևանքների՝ գների չմոտիվացված  աճի կամ շուկայում այնպիսի  ընկերությունների  դիրքի  պահպանման,  որոնք  գոյատևում են՝  կասեցնելով ավելի  արդյունավետ  ընկերությունների  մուտքը  շուկա:

Կարգավորման միջոցները  կամ  մրցակցային քաղաքականությունը պետք  է  հետևողականորեն  հարմարացվեն ամեն առանձին  ոլորտի  պայմաններին:  Ժան Տիրոլը  ստեղծել է  այդպիսի  միջոցների  մշակման  ընդհանուր  հենք  և  որոշակիացրել է  դրա  կիրառումը  տարբեր  ոլորտներում՝  հեռահաղորդակցությունից  մինչև բանկային:  Հենվելով  նրա մշակումների  վրա՝  կառավարությունները  կարող են խրախուսել  խոշոր  ընկերություններին՝  դառնալ  ավելի  արդյունավետ և  միևնույն  ժամանակ  կանխարգելել  այն  վնասը,  որը  վերջիներս  կարող են հասցնել  մրցակիցներին  և սպառողներին»,-  այս  հիմնավորումն է ներկայացված  Նոբելյան  կոմիտեի  հաղորդագրության  մեջ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին