ՀՊՏՀ ռեկտորի և ՀՊՏՀ ներկայացուցիչների գիտական հոդվածները՝ միջազգային կոլեկտիվ մենագրությունում

Դիտումների քանակ՝ 1158

«Տարածաշրջանի, ձեռնարկությունների և հասարակության կայուն զարգացում. ապահովման նորարարական մոտեցումներ» խորագրով  կոլեկտիվ մենագրությունում հրապարակվել են ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանի և տ.գ.թ., ասիստենտ  Աննա Փախլյանի գիտական հոդվածները: Մենագրությունը լույս է տեսել սեպտեմբերի 22-ին:

Կոլեկտիվ մենագրությունը ներառում է 8 երկրների (Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Լեհաստան, Բուլղարիա, Լատվիա, Ղասախստան) գիտնականների մասնագիտական հոդվածները, որոնցում արծարծված են տարածաշրջանի, ձեռնարկությունների և հասարակության զարգացմանը, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն  ուղղված նոր մոտեցումներ:

Կոլեկտիվ մենագրությունում մեր համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդես է եկել «Հայաստանի և Ռուսաստանի գիտական և նորարարական համագործակցությունը» հոդվածով, Գրիգոր Նազարյանն ու Աննա Փախլյանը (համահեղինակությամբ)՝ «Օդային տրանսպորտի համաշխարհային շուկայի զարգացման ժամանակակից միտումներն ու հեռանկարները» հոդվածով:

Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց Գրիգոր Նազարյանը՝ կոլիկտիվ մենագրությունում ամփոփված են տնտեսագետ ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների համար օգտակար տեղեկություններ և վերլուծություններ:

Կոլեկտիվ մենագրության էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև ՀՊՏՀ ներկայացուցիչների հոդվածները, կարող եք ընթերցել հետևյալ հղումով՝ http://fem.sumdu.edu.ua/images/news/2014-2015/2014-09-22/sde.pdf :

Շնորհավորում ենք հեղինակներին, մաղթում մասնագիտական նոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին