Անվճար հետազոտություն՝ ՀՊՏՀ աշխատակիցների համար
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և հայ-ամերիկյան Կումուրյան պոդիատրիկ կլինիկան, որը զբաղվում է ոտնաթաթի հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժման հարցերով, ակցիայի շրջանակներում կազմակերպել են ոտնաթաթի անվճար հետազոտություն: ՀՊՏՀ բուժկետում նշված կլինիկայի բժիշկների կողմից հետազոտությունը կանցկացվի այսօր և վաղը՝ ժամը 13.30-15.30-ը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցներն այցելեցին բուժկետ, հետևեցին հետազոտության ընթացքին: Կումուրյան կլինիկայի ներկայացուցիչ, կենսաքիմիկոս Լևոն Երիցյանը նշեց, որ իրենց կենտրոնը տարածաշրջանում միակ մասնագիտացվածն է, որը վերհանում է ոտնաթաթի հետ կապված հիվանդություններն ու բուժում դրանք:
«Մեզանում դեռևս ձևավորված չէ ոտնաթաթի խնդիրներով համապատասխան մասնագետներին դիմելու մշակույթը, և այս բարեգործական ակցիաները նպատակ ունեն նաև ձևավորելու այդ մշակույթը: Մեր կենտրոնը նախաձեռնությունն իրականացնում է առաջին հերթին ուսումնական հաստատությունների՝ բուհերի, դպրոցների շրջանում, քանի որ դասախոսները, ուսուցիչները մտնում են ռիսկային խմբի մեջ. նրանք աշխատանքի ընթացքում հիմնականում ոտքի վրա են լինում, ինչն էլ պատճառ կարող է դառնալ ոտնաթաթի մի շարք հիվանդությունների: Մեր խնդիրն է ախտորոշել և նշանակել համապատասխան բուժում»,-ասաց Լևոն Երիցյանը:
Բուժկետում այցելուներին բաժանվեցին կլինիկայի վերաբերյալ տեղեկատվական գրքույկներ:
Նշենք, որ այն աշխատակիցները, ովքեր չեն հասցնի հետազոտվել բուժկետում, կարող են նախապես զանգահարել կլինիկա՝ 060-61-62-63 հեռախոսահամարով, հերթագրվել և մինչև հոկտեմբերի 10-ը այնտեղ ստանալ անվճար խորհրդատվություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին